Մատչելիության հղումներ

ԱԺ այսօրվա արտահերթի օրակարգում նաև ՆԳՆ ստեղծելու հարցն է


Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, օրակարգում 11 հարց է, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը։

Կառավարությունը նախագծին հավանություն էր տվել նոյեմբերի վերջին և հրատապ կարգով ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։

Նոր ստեղծվելիք նախարարությունը ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանություն, Փրկարար ծառայություն, Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

Այն չի դառնա կառավարության 13-րդ նախարարությունը, քանի որ զուգահեռ կվերանա Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է», - կառավարություն նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2002 թվականից։

XS
SM
MD
LG