Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ահազանգում են պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի մասին, այսօր, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։
«Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում» ,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով Լաչինի միջանցքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
Մեկ շաբաթ առաջ ադրբեջանցիները մոտ երեք ժամ փակ պահեցին Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին՝ պատճառաբանելով, թե «Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով»: Պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։
Լաչինի միջանցքը ցեղասպանությունը կանխարգելելու միջանցք է՝ այսօր շեշտեց գործադիրի ղեկավարը՝ պարզաբանելով՝ փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր սցենարներով՝ հայաթափում, ինքնության կորուստ, բուն ֆիզիկական ոչնչացում։
Փաշինյանը նկատի ուներ ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչների դեմ իրականգված բռնությունները, սպանությունները, այլ նաև այսօր գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց թիրախավորումը։
Թե ինչ պետք է անել ցեղասպանությունների կանխարգելման համար, Փաշինյանն ընդգծեց՝ պետք է փոխել տարածաշրջանային հրաբերությունների բովանդակությունը, որակը՝ շեշտելով՝ դա պետք է սկսել, իր բնորոշմամբ, ամենապարզ բաներից՝ տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումից, կառավարումից և բացառումից հատկապես պաշտոնական մակարդակում։
«Իսկապես մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում», - ասաց Փաշինյանը։
Այս համատեքստում վարչապետը նշեց՝ իրեն, այդ թվում՝ թուրք անվանողները թող իմանան՝ դրանով իրեն չեն վիրավորում, որովհետև ինքը դա վիրավորանք չի ընկալում։ «Եվ ընդհարապես այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք և պետք է աշխատենք փոխել այս իրողությունները։ Պաշտոնական մակարդակում պետք է ասենք, որ չենք ուզում, որ որևէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք, և սրանք ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործիքներ են», - ասաց վարչապետ Փաշինյանը։