Մատչելիության հղումներ

Մոսկվան ողջունում է պաշտոնական Թբիլիսիի «պրագմատիկ» քաղաքականությունը


Ռուսաստանի արտգործնախարարությունը ողջունել է վրացական իշխանությունների «պրագմատիկ գիծը», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Մենք տեսնում ենք, որ չնայած դրսի սադրիչ կոչերին` Վրաստանի կառավարությունը հավատարիմ է պրագմատիկ գծին։ Սա դրական արդյունք է տալիս։ Առևտրի և տնտեսական վիճակագրությունն ինքնին խոսում է»,- ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Գոնչարը՝ կրկնելով Վրաստանի իշխանությունների պնդումները, թե որոշ ուժեր փորձում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի բացառել, որ «անհրաժեշտ նախադրյալների ստեղծման դեպքում» ռուսական կողմը կարող է վերսկսել ուղիղ չվերթները և չեղարկել վիզաները Վրաստանի քաղաքացիների համար։

«Պայմանները Թբիլիսիին քաջ հայտնի են», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ առանց հստակեցնելու այդ պայմանների բովանդակությունը։

Ուկրաինայի Ռուսաստանի ռազմական ներխուժմանն ի պատասխան Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին Վրաստանը չի միացել, իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել իրենց երկրին ու ժողովրդին։ Ընդդիմությունը պնդում է, որ երկրի իշխանությունը ռուսամետ դիրքորոշում է որդեգրել:

XS
SM
MD
LG