Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվող վրացի կամավորները կարող են զրկվել Վրաստանի քաղաքացիությունից


Ուկրաինայում Վրաստանի դեսպանն այցելել է Խերսոն, 24-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինայում Վրաստանի դեսպանն այցելել է Խերսոն, 24-ը նոյեմբերի, 2022թ.

Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվող վրացի կամավորները կարող են զրկվել Վրաստանի քաղաքացիությունից:

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները մատնանշում են Վրաստանի քաղաքացիության մասին օրենքի դրույթը, ուր նշված է, որ Վրաստանի քաղաքացին կորցնում է քաղաքացիությունը, եթե առանց Վրաստանի իրավասու մարմինների թույլտվության ծառայության է անցնում այլ երկրի զինված ուժերում, ոստիկանությունում կամ անվտանգության մարմիներում։

Իշխող ուժի պատգամավորները պնդում են, որ Ուկրաինայում կռվող վրացի տղաներին խաբում են, հավաքագրում են գումարով, չեն հայտնում քաղաքացիությունը կորցնելու մասին։

Նման մեկնաբանությունները վրդովեցրել են շատ կամավորների։ Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարած վետերանները իրենց արձագանքներում նշում են, որ օրենսդրությամբ կամավորությունը չի հետապնդվում։ Նրանք նաև ընդգծում են, որ Ուկրաինայում վրացի կամավորները պայքարում են ընդհանուր թշնամի Ռուսաստանի դեմ։

Վրացի կամավորների թեման կրկին սրվեց դեկտեմբերի սկզբին Բախմուտում հինգ վրացիների զոհվելուց հետո։

Վրաստանի հանրությունում դժգոհություն առաջացրեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պահվածքը։ Նա միայն երկրորդ օրը ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին, իր խոսքում չնշելով, որ նրանք զոհվել են Ուկրաինայի պաշտպանության համար ռուսների դեմ պայքարում, բայց փոխարենը հարկ համարեց քննադատել ընդդիմությանը, օմբուդսմենին, պաշտպանության նախկին նախարարին, պնդելով, թե պատերազմի կուսակցությունն է հավաքագրում մարդկանց։

«Չնայած Վրաստանում երկրորդ ճակատ բացելու բազմաթիվ փորձերին, մեր խելամիտ քաղաքականության շնորհիվ դա ձախողվել է»,- ասել է Ղարիբաշվիլին՝ կրկնելով մինչ այժմ բազմիցս հնչած թեզը։

Ուկրաինայում կռվող «Վրացական լեգոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին «Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ զրույցում քննադատել է Վրաստանի իշխանություններին։ Նա ասել է, որ իշխանությունների վերաբերմունքը ուղիղ կապված է Ուկրաինայում իրենց ակտիվության հետ։

«Մենք Ուկրաինայի զինված ուժերի ռազմական հետախուզության մաս ենք կազմում և բավականին մեծ վնասներ ենք պատճառում ռուսական բանակին»,- ասել է Մամուլաշվիլին, պնդելով, որ ռուսական հրահանգիչները Վրաստանի ռուսամետ կառավարությանը հանձնարարել են կանգնեցնել իրենց, նրանք էլ կատարում են համապատասխան հանձնարարությունը։

Նրա խոսքերով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կատարում է ոչ միայն ռուսական հրահանգիչների հանձնարարությունները, այլև Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի անձնական կամքը։

«Երևում է՝ Ղարիբաշվիլին վիրավորվել է, երբ վերջերս ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ ասացի, որ Բիձինա Իվանիշվիլին գերի է վերցրել վրաց ժողովրդին, մանիպուլյացիայի է դիմում, Վրաստանը չի տանում արևմտամետ վեկտորով, ինչը պահանջում է ժողովուրդը։ Համապատասխանաբար Ղարիբաշվիլին ասում է այն, ինչ նրան հանձնարարում է իր հրահանգիչը և իր հրահանգիչի հրահանգիչները»,- ասել է «Վրացական լեգիոնի» հրամանատարը։

Ուկրաինայում շատ երկրներից են կամավորներ կռվում, բայց այդ երկրները աշխատում են լուռ մնալ, ոչ խրախուսում են նրանց, ոչ դատապարտում, իսկ Վրաստանում այդ թեման արժարծվելու մասին «Լելո» կուսակցությունից պատգամավոր Աննա Նացվլիշվիլին ասել է, թե «Վրացական երազանքի» համար դժվար է տանել այդ մարդկանց գոյությունը, քանի որ նրանք ապացուցում են իշխող ուժի բարոյական փլուզումը։

«Չեմ զարմանա, եթե այդ տղաների հանդեպ քրեական գործեր հարուցվեն»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից մինչ հիմա վրացի 33 կամավոր է զոհվել ռուսական ուժերի դեմ մարտերում։ Պատերազմը հենց սկզբից բարդացրել է Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները, որոնք մինչ այդ շատ ջերմ էին։ Մարտի մեկին Ուկրաինան Վրաստանից հետ կանչեց իր դեսպանին խորհրդատվությունների նպատակով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ այդ քայլը կապված է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցով Թբիլիսիի դիրքորոշման, ինչպես նաև Ուկրաինային օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու Վրաստանի իշխանությունների գործողությունների հետ։

XS
SM
MD
LG