Մատչելիության հղումներ

Քաղավիացիայի կոմիտեում ավարտվել է Իրանում հայտնված հայկական օդանավի դեպքով մասնագիտական քննությունը․ շահագործողի վկայականը կասեցվել է


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է Իրանում հայտնված հայկական օդանավի դեպքով մասնագիտական քննությունը։

Ըստ կոմիտեի՝ արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ, օդանավը շահագործողի վկայականը կասեցվել է:

«Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը անցած տարի է հիմնվել՝ ստանալով օդանավ շահագործողի վկայական։ Իսկ Քաղավիացիայի կոմիտեի ռեեստրում նույն Boeing B737-300 օդանավն անցած տարեվերջին է գրանցվել։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ հայկական գրանցում ունեցող ամերիկյան արտադրության Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվել է Թեհրանում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորեց բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցներն, ըստ դեսպանության, կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը պարզաբանեց, որ վարձակալած B737-300 օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում, ինչից հետո՝ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։ Դեպքի առթիվ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ։

Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերով՝ իրանական կողմի հետ գործակցության արդյունքում օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։

Քաղավիացիան այսօր նաև տեղեկացրել է, որ Ազգային ԱԱԾ-ում քննությունը շարունակվում է և որ կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ԱԱԾ։

XS
SM
MD
LG