Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախօրեին Ադրբեջանի կառավարությունը որոշում է կայացրել, որը «թույլ է տալիս» ոչնչացնել Ադրբեջանի օդային տարածքը խախտող ցանկացած ինքնաթիռ:
«Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման օրենքի» փոփոխված տարբերակը հնարավորություն է տալիս զինված ուժերին ոչնչացնել «արգելված գոտիների» ներսում թռիչք իրականացնող այն օդանավերը, որոնք կհրաժարվեն անմիջապես վայրէջք կատարել կամ ենթարկվել նշված գոտուց հեռանալու հրահանգին, «եթե հստակ տեղեկություն չկա այն մասին, որ օդանավի մեջ անմեղ քաղաքացիներ կան»:
«Արգելված գոտի» ասելով Ադրբեջանն ի նկատի ունի Լեռնային Ղարաբաղը, իսկ նոր օրենքի գլխավոր թիրախն էլ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանն է:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի քաղավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը լրագրողներին տեղեկացրել է, որ դեռեւս Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման ժամանակ իրենք փորձել են կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Եւ դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի քաղավիացիան նախազգուշացնող նամակ է հղել Միջազգային քաղավիացիայի վարչությանը:
«Մենք տեղեկացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը փակ է, եւ «Քաղավիացիայի մասին» օրենքի համաձայն, մենք պլանավորում ենք ֆիզիկապես ոչնչացնել այն ինքնաթիռները, որոնքը այդ տարածքում կփորձեն վայրէջք կատարել»,- ասել է Մամեդովը:
Միջազգային քաղավիացիայի վարչությունն էլ պատասխան նամակում խորհուրդ էր տվել միանալ որոշ կոնվենցիաների՝ այդպիսով խուսափելով տարածաշրջանում հնարավոր բացասական միջադեպերից :
Մամեդովի տեղեկացմամբ, ադրբեջանական կողմը կրկին նամակ է հղել Միջազգային քաղավիացիային՝ ասելով, թե տվյալ օդային տարածքը փակ է եւ այն գտնվում է ադրբեջանական ռազմաօդային ուժերի տրամադրության տակ, եւ խորհուրդ տվել, որ բացասական միջադեպերից խուսափելու մասին նախազգուշացումներն ուղղեն հայկական կողմին:
Ստեփանակերտի օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը սկսվել էր 2008 թվականից, արդեն շուրջ մեկ տարի է՝ այն ամբողջությամբ ավարտված է, սակայն պարապուրդի է մատնված՝ կողմերի միջեւ համաձայնության բացակայության պատճառով: Չնայած ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին՝ ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե «վերջնական որոշում ընդունելուց հետո Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի պլանավորված ամբողջ գործունեությունը եւ թռիչքները»: