Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները Բուխարեստում կքննարկեն ուկրաինական հակամարտությունը


ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն այսօր կհավաքվեն Բուխարեստում։ Երկօրյա հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ուկրաինական հակամարտությունը, Կիևին ռազմական օգնության շարունակումը:

«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Մենք չենք նահանջելու: Դաշնակից երկրները ցուցաբերում են աննախադեպ ռազմական աջակցություն: Եվ ես ակնկալում եմ, որ արտգործնախարարները նույնպես կհամաձայնեն ավելացնել չմարող աջակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ավելի վաղ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Նա վստահ է, որ «խաղաղ լուծման հնարավորությունները մեծացնելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է»։

Ինչպես պարզաբանել է Ստոլտենբերգը, որպես օգնության համապարփակ փաթեթի մաս, դաշինքը Ուկրաինային մատակարարում է վառելիք, դեղամիջոցներ, ձմեռային օգտագործման համար նախատեսված սարքավորումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը ճնշելու միջոցներ։

«Շնորհակալ եմ բոլոր դաշնակիցներին իրենց ներդրման համար: Եվ Բուխարեստում մեր հանդիպման ժամանակ ես կոչ կանեմ ավելիին», - հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

XS
SM
MD
LG