ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում ասել է, թե ներկայիս պահին գերնպատակը Կիևին օգնելն է, հարկ է ամեն բան անել, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի դեմ վարած պատերազմում:
«Մենք պետք է անհրաժեշտ ռազմական օգնություն տրամադրենք Ուկրաինային, երաշխավորենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհաղթի այս պատերազմում», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Նրա փոխանցմամբ, պետք է ամեն բան անել, որ Ուկրաինան ազատագրի ռուսների կողմից զավթված տարածքները և խաղաղության հասնի որպես ինքնիշխան և անկախ պետություն: Ստոլտենբերգի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն, մասնավորապես, դաշինքի անդամ Գերմանիան, հակաօդային պաշտպանության արդյունավետ համակարգեր է փոխանցել ուկրաինացիներին:
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքը: Ստոլտենբերգը հայտնել է, որ այդ ժողովում կոչ կանի բոլորին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ուկրաինային սատարելու, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր փոխանցելու համար: