ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) դաշինքի անդամ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին կոչ է արել պաշտոնապես հայտարարել, որ «Ռուսաստանը ներկայիս ռեժիմի օրոք ահաբեկչական պետություն է»։ Համապատասխան բանաձևն ընդունվել է երեկ երեկոյան։
Երեկ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրված ֆրանսիացի սենատոր Ժոել Գարիո-Մայլամը հայտարարել է, որ միջազգային տրիբունալը պետք է դատի Ռուսաստանի ղեկավարությանը որպես ահաբեկիչների:
Ընտրությանը հաջորդած ելույթում միջազգային իրավունքի մասնագետ Ջոել Գարիո-Մայլամը շեշտել է. - «Ռուս առաջնորդները գործում են իրական ահաբեկիչների պես՝ ցուցադրելով աննախադեպ բարբարոսություն, հարձակվելով խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա: Մենք պետք է գործենք, և նրանք պետք է դատվեն որպես ահաբեկիչներ միջազգային տրիբունալներում»:
Երեկ ընդունված բանաձևը նաև կոչ է անում ստեղծել միջազգային տրիբունալ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:
Նմանատիպ բանաձև, որը կոչ է անում Ռուսաստանը հռչակել «ահաբեկչական ռեժիմ», հոկտեմբերին ընդունել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը։
Տարբեր ձևակերպումներով Ռուսաստանը ահաբեկչական են ճանաչել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Չեխիայի խորհրդարանները։
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևն իրավական ուժ չունի, այն պարզապես կոչ է անդամ պետությունների կառավարություններին։
Քաղաքագետ Կիրիլ Մարտինովի կարծիքով՝ այն, սակայն, վկայում է, որ պատերազմի մեկնարկից ինն ամիս անց էլ Ուկրաինային աջակցության հարցում Արևմուտքը միասնական է:
«Կարծում եմ՝ սա առաջին հերթին կարևոր է բարոյական տեսանկյունից։ Սա տեսանելի ապացույց է, որ Եվրոպան լրջորեն մտադիր է մենակ չթողնել Ուկրաինային։ Վլադիմիր Պուտինի հույսերն այս առումով չեն արդարացել։ Բացի այդ՝ հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում «ահաբեկիչ» պիտակը շատ լուրջ է», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է քաղաքագետը: