ՆԱՏՕ-ի և Մեծ յոթնյակի (G7) առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ինդոնեզիայում աշխարհի առաջատար տնտեսությունների գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած արտակարգ հանդիպումից հետո:
Հայտարարությունը դատապարտում է «Ռուսաստանի կողմից երեքշաբթի օրը ուկրաինական քաղաքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված բարբարոսական հրթիռային հարվածները»։
«Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին՝ ի դեմս շարունակվող ռուսական ագրեսիայի, ինչպես նաև մեր շարունակական պատրաստակամությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին ուկրաինական բնակչության վրա իր անամոթ հարձակումների համար», - ասվում է փաստաթղթում։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Մոսկվան երեկ մոտ 100 հրթիռ է արձակել ուկրաինական քաղաքների ուղղությամբ: Տասնյակից ավելի քաղաքներ ու շրջաններ են ենթարկվել հարվածների։ Սա ամենաինտենսիվ հրթիռային հարձակումն էր Ուկրաինայի վրա հոկտեմբերի 10-ից ի վեր, երբ Ռուսաստանը սկսեց զանգվածային ավիահարվածներ հասցնել երկրի էներգետիկ, ջրային և գազային համակարգերը ոչնչացնելու համար: