Մատչելիության հղումներ

Երեք երեխաները և նրանց միայնակ մեծացնող մայրը ամեն պահի կարող են դրսում հայտնվել


Ալվարդ Գասպարյանը երեք երեխաների հետ ապրում է Գյումրիի Մուշ թաղամասում գտնվող մեկսենյականոց բնակարանում, որը բարերարներից մեկն ընտանիքին անվճար, բայց ժամանակավոր է տրամադրել։ Կինն ասում է՝ ցանկացած պահի երեխաների հետ կարող է դրսում հայտնվել։

«Կարող ա ամեն պահի ասեն՝ պտի ելնիս, ճիշտ է, գումար չեմ տա մարդկանց, բայց մնամ գը հլը օր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Երեխաներին միայնակ մեծացնող մոր համար թեկուզ գյուղում սեփական տուն ունենալը երազանք է։ Իրենց հնարավորություններով երբևէ բնակարան գնելու հույս չունեն. - «Թեկուզ գյուղ տեղ էղնի՝ տունըմ տան առնին, ես իմ էրեխեքիս հետ էս ամեն ինչը ստեղծեմ ապրեմ ընձի համար»:

Տունը էլեկտրաէներգիայով է ջեռուցվում, բնակարանի գազն անջատված է պարտքի պատճառով։ Երեք երեխաներին միայնակ մայրը պահում է թոշակով ու նպաստով, երբեմն էլ՝ դաշտերում ու գյուղում աշխատելով. - «Թոշակը 120 հազար է, 37 հազար էլ՝ նպաստ, կերակրողին կորցնողի, էրեխի, միակողմանի ծնողազուրկի թոշակ: Չեմ կարա տամ, խոսքի, լույսի գումար, հազիվ էդ նպաստն ու թոշակը, ես վախվխելով լույս վառեմ, պլիտա վառեմ, որ իմ էրեխես հանկարծ չմրսի՝ դեղի փող չտամ: Կթվոր եմ գնացել, հմի էլ էդ գործն էլ, անգամ էդ գործը դժվար է գտնելը, արդեն էդ էլ է դառել դիֆիցիտ բան»:

44-ամյա Ալվարդ Գասպարյանը երեխաներին միայնակ է մեծացնում արդեն 8 տարի՝ ամուսինն այդ ժամանակ ինքնասպան էր եղել։

Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար բնակարանով ապահովման ծրագիր չկա, փոխանցեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Պետությունը բնակարանով ապահովում է միայն մանկատան շրջանավարտներին։

Ընտանիքի հոգսն ավելի թեթև էր, երբ երեխաները հաճախում էին Մայր Աթոռի հովանու ներքո գործող Թռչունյան խնամքի տուն, սակայն բարերարները դադարեցրին ֆինանսավորումը, ինչից հետո կենտրոնը փակվեց։ Դրանից հետո երեխաները տեղափոխվել են գիշերօթիկ հաստատություն, սակայն դրանք էլ փակվեցին, և փոխարենը ստեղծվեց երեխայի ու ընտանիքի աջակցման ճգնաժամային կենտրոն։ Երեխաներն այստեղ մնում են վեց ամիս, ժամկետը երկարաձգվում է, եթե ընտանիք վերադառնալը համարվում է ռիսկային։

17-ամյա Կարլենի կարծիքով՝ գիշերօթիկները փակելը սխալ որոշում էր. - «Թռչունյան տունը, ըսենք, մեր սեփական տունն էր, մենք ըտեղ մեր տան պես կզգայինք, չէինք ուզե օր փագվիր, բայց դե օր փագվել է, հեչ բան չենք կրնա էնինք: Գոնե Նանսենը չփագվի, եթե հնարավոր է, Նանսենը դառնա առաջվա գիշերօթիկ հաստատությունը: Համ ջեռուցում կար, համ էլ ապահով էինք, ծնողներն էլ ապահով էին, օր իրանց էրեխեքը հսկողության տակ էին, հոգածության տակ էին»:

Կառավարությունը գիշերօթիկները փակեց այն հիմնավորմամբ, որ երեխան պետք է ընտանիք վերադառնա։ Սոցապ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանն ասում է՝ եթե գիշերօթիկում ծնողը շաբաթ և կիրակի օրերին երեխային կարող էր տուն տանել, ճգնաժամային կենտրոնում չի թույլատրվում։

Ճգնաժամային կենտրոնների գործունեությունը դեռ լիարժեք արդյունավետություն չի ապահովել, ընդունում է Հովհաննիսյանը։ Բացերը փորձում են լրացնել։

«Տարեկան մինչև 40-50 երեխայի խնամք, որ շուրջօրյա երկարաժամկետ խնամքի հաստատություն, կանխարգելում ենք: Այսինքն, վեց ամսվա ընթացքում էդքան երեխայի հզորացնում ենք ու կարողանում ենք, խնդիրը լուծում ենք ու վերադարձնում ենք ընտանիք: Ամբողջապե՞ս լուծել է հարցը, էն խնդիրը, որ իր առջև դրված էր՝ դեռևս ոչ: Որովհետև մենք ռիսկերի կանխարգելման շուրջ աշխատանքի արդյունքում գնում ենք ճգնաժամային աջակցությունների հզորացման ճանապարհով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Հովհաննիսյանը:

Հաջորդ տարի Կարլենը բանակ կզորակոչվի։ Ասում է՝ ցանկանում է զինվորական դառնալ. - «Տասնութս հենց լրացավ գնացի բանակում էրկու տարի ծառայեցի՝ կդառնամ պայմանագրային զինծառայող»:

Երկու փոքր եղբայրները նույնպես զինվորական դառնալու ցանկություն ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG