Մատչելիության հղումներ

Վրաերթից մահացած հղի կնոջ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում քննության մասին


29-ամյա Սոնա Մնացականյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյան
29-ամյա Սոնա Մնացականյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյան

Վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած 29-ամյա հղի կնոջ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում քննության մասին, հստակ բարձրաձայնելով՝ իրավապահ ո՛ր մարմինն է գործով կարևոր նյութեր ոչնչացրել:

«Ոչ թե վարույթն իրականացնող մարմնի կողմից, այլ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից: Նախաքննության գաղտնիության սահմաններում, բնականաբար, այդ տեղեկատվությունը չենք կարող հրապարակել, բայց կրկնեմ, որ ակնհայտ դարձավ, որ կա կարևոր ապացույց, որը ոչնչացման արդյունքում նախաքննական մարմնին չի տրամադրվել», - ասաց պաշտպանը:

Ինքը փաստաբանը՝ հիմա էլ փակագծերը չի բացում, թե կոնկրետ ինչ ապացույցներ են ոչնչացվել։ Մինչ այդ մահացած հղի կնոջ հայրն է լրագրողներին փոխանցել, որ իր տեղեկություններով ոչնչացվել են որոշ ձայնագրություններ։ Ոստիկանությունից այսօր չարձագանքեցին տուժող կողմի պնդումներին, թե ոստիկանության ստորաբաժանումներից մեկի աշխատակիցները կարևոր ապացույցներ են ոչնչացրել։ Ասացին՝ քննությունը մեկնաբանելու իրավունք չունեն։

Գործը քննվում է Քննչական կոմիտեում։ Կառույցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք քննիչները ժամանակին են սկսել անհրաժեշտ գործողությունները՝ բացառելու համար փաստաբանի առաջ քաշած վարկածը, կամ՝ մտադիր են արդյո՞ք որպես հանցագործության մասին հաղորդում դիտարկել ու ընթացք տալ փաստաբանի վերջին հայտարարություններին։ Կոմիտեի խոսնակը առաջարկեց գրավոր հարցեր ուղղել, պատասխան դեռ չենք ստացել։

Ոստիկանության և քննչական կոմիտեի լռության ֆոնին, հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ վարորդի փաստաբան Ռուբեն Բալոյանն է խոսում՝ ոչ մի ապացույց էլ չի ոչնչացվել:

Ռուբեն Բալոյան
Ռուբեն Բալոյան

«Չունենք որևէ ապացույց, որը ոչնչացվել է, չկա տենց բան: Հարց տվեք՝ ո՞ր ապացույցը: Չկա ապացույց, որը հանվի այս գործի միջից կամ ինչ-որ մի ձևով ոչնչացվի», - ասաց Բալոյանը:

Քննությունը հսկող Գլխավոր դատախազությունը, ավելի վաղ բողոք էր ներկայացրել դատարան, որ ՃՈ վարորդը կալանավորվի, բայց վերաքննիչ քրեական դատարանը նախորդ շաբաթվա վերջին մերժել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Բացի այդ, դատախազը ցուցում է տվել, որ դեպքի վայրը լքելու հոդվածով նույնպես քերական գործ հարուցվի և վարորդը կալանավորվի։ Քննչական կոմիտեն, մինչդեռ ՃՈ վարորդին մեղադրանք է առաջադրել միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

«Դատախազությունը համարելով, որ այնուամենայնիվ, այդ հիմքերը կան, հատկապես կապված ապօրինի հնարավոր ներգործության հետ, վերաքննիչ բողոք էր ներկայացրել, բայց, ցավոք սրտի, ունենք նաև վերաքննիչ դատարանի մերժման որոշումը, որը դեռևս ամբողջությամբ չենք ստացել: Այսինքն պատճառաբանական մասը մեզ դեռևս անհայտ է: Այդ մասին ծանոթանալուց հետո, արդեն դատարանի բերած հիմնավորումներին ծանոթանալուց հետո որոշում կկայացվի վճռաբեկ դատարան դրա դեմ բողոք ներկայացվելու է, թե՝ ոչ», - նշեց վրաերթից մահացած կնոջ փաստաբանը:

Դատախազը նաև ցուցում է տվել իրավական գնահատականներ տալ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավարի, ճանապարհը կարգավորող ոստիկանի արարքներին։

«Էդ գործի շրջանակներում միջադեպին մասնակից այլ անձանց հետ կապված ևս նրանց արարքների իրավական գնահատականներ տալու առումով դատախազի կողմից տրվել են ցուցումներ, դրանք օրենքով սահմանված կարգով ընթացքի մեջ են», - ասաց փաստաբանը:

Վրաերթից մահացած 29-ամյա հղի կնոջ հայրը մինչդեռ իրավական այս մանրամասներից զատ մի մտահոգություն ունի՝ քանի դեռ վարորդն ազատության մեջ է, արդար դատաքննության մասին խոսելն ավելորդ է։

XS
SM
MD
LG