Մատչելիության հղումներ

Ողբերգական վրաերթը՝ վարչապետի հրաժարականի պահանջի ևս մեկ պատճառ․ իշխանությունը, սակայն, նման հարց չի քննարկի


Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա նաև իր ավտոշարասյանն ուղեկցող մեքենայով երիտասարդ կնոջը մահացու վրաերթի ենթարկելու ողբերգական դեպքից հետո, երեկ երեկոյան տարածված տեսանյութից հետո հայտարարում է խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունից, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Սա է ժողովրդի ծոցից դուրս եկած իր պատկերացրած անձը, ով խաբեց ժողովրդին, մոլորեցրեց և եկավ իշխանության։ Այս մեր քաղաքացին պետք է լինի իր վերջին զոհը, ինքը պետք է պարզապես հեռանա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ընդդիմությունն արդեն մի քանի օր է վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ է անցկացնում՝ պնդելով, թե Փաշինյանը մտադիր է Արցախը հանձնել Ադրբեջանին։

Նախ դեպքի մասին երկու հաղորդագրություն տարածած իրավապահները՝ և՛ ոստիկանությունը, և՛ Քննչական կոմիտեն չհաղորդեցին, որ ողբերգական վրաերթի պատճառ դարձած մեքենան վարչապետին է ուղեկցել, երկու հաղորդագրություններում միայն ասվում էր, որ վրաերթի ենթարկող հրամանատարը ոստիկանության ուղեկցող մեքենան է վարել։ Մինչև տարածվեց տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է փողոցի երթևեկելի մասում ընկած կնոջ կողքով անցնում վարչապետին ուղեկցող շարասյունը՝ վրաերթի ենթարկած մեքենայից հետո ևս ութ մեքենաներ։ Դրանցից ոչ մեկը, այդ թվում՝ վարչապետին տեղափոխող մեքենան, չեն արգելակում, տեղի ունեցածին չեն արձագանքում, առաջին օգնություն ցույց չեն տալիս։

Դեպքից մեկուկես օր է անցել, վարչապետը մինչև այս պահը նաև հրապարակային չի արձագանքել, դեպքի վերաբերող պարզաբանումները կառավարությունից հնչում են նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի միջոցով;

«Պատկերացնո՞ւմ եք մի ուրիշը սենց բան աներ, այսինքն էլ ինչ պիտի անի, որ մարդիկ դուրս գան փողոց։ Այնքան լկտի ու անբարոյական են, որ ասում են՝ «վարչապետը ղեկին չի եղել», իսկ ով էր ասում, որ պիտի ղեկին լիներ, իսկ կարար կանգներ չէ՞, հեծանիվով էր ման գալիս էդ փողոցի վրա», - ասաց Սաղաթելյանը։

Վարչապետի հրաժարականի հարց չի կարող քննարկվել՝ արձագանքելով հնչող հայտարարություններին, կարծիք հայտնեց իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Պապոյանը։

«Նման մակարդակի քննարկում բարձրացնելը դա ստորություն է, ուրիշ մարդու կյանքի, գնի և ողբի հիման վրա էդ ընտանիքի, սեփական նեղ, քաղաքական շահերն առաջ տանելը։ Դեպքը տեղի է ունեցել տասնյակ վայրկյաններ առաջ, քանի իր մեքենան կհասներ, և որոշակի արագությամբ նրանք գնում են, դա ուղղակի անհնար էր, որ վարչապետը տեսներ էդ դեպքի մասին և իմանար էդ դեպքի մասին», - ասաց պատգամավորը։

Պապոյանին հիշեցրեցինք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառումը, որտեղ պաշտոնյան ընդունում է, որ վարչապետը նկատել է ընկած կնոջը, հրահանգել Շտապ օգնություն կանչել, պարզել՝ ինչ է տեղի ունեցել:

«Ճիշտ է, այո՛, անցել են, հետո տեսել են, բայց վարչապետը չի իմացել, որ տեղի է ունեցել վթար և երկրորդը՝ վթարի հետևանքով մարդ է մահացել», - ասաց Պապոյանը։

Հարցին, թե քննարկումների հետ համաձա՞յն չէ, որ եթե ընկած մարդ է տեսել կարելի է մոտենալ և առաջին օգություն ցուցաբերել, իշխանական պատգամավորը պատասխանեց․ - «Քննարկումները վարում են իշխանական լափամանից կտրված շրջանակները, ուրիշ քննարկում չկա։ Ասեցի՝ իրենք անցել են կողքով ուղղակի չեն էլ մտածել, հնարավոր էլ չէր պատկերացնել, որ տեղի է ունեցել ավտովթար, հետո, ինչպես հասկանում ենք մեկնաբանությունից, էդ բովանդակությունը, ինչ տեղի է ունեցել, իրենք չեն պատկերացրել և դրա մասին ահազանգել են»։

XS
SM
MD
LG