Մատչելիության հղումներ

Պողոս Պողոսյանի սպանության գործով երկու դատաբժիշկներին մեղադրանք է առաջադրվել


Պողոս Պողոսյանի գործով դատական նիստերից մեկը, փետրվար, 2020թ․
Պողոս Պողոսյանի գործով դատական նիստերից մեկը, փետրվար, 2020թ․

«Առագաստ» սրճարանի զուգարանում 2001-ի սեպտեմբերի 25-ին սպանված Պողոս Պողոսյանի գործով պայմանագրային հիմունքներով աշխատող դատաբժիշկներ Շ.Գ.-ին և Գ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը, ինչպես նաև երկրից բացակայելու արգել է սահմանվել, փոխանցում է Գլխավոր դատախազությունը։

Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները հաստատել էին, որ Պողոսյանի դին զննած փորձագետները կեղծել են եզրակացությունները։

Ըստ իրավապահների, եթե 2001-ին փորձագետները եզրահանգել էին, որ Պողոսյանի մահը վրա է հասել ընկնելու հետևանքով, ապա երկու տարի առաջ, երբ մահվան գործը վերաբացվեց, փորձաքննությունը տրամագծորեն հակառակ պատկեր էր արձանագրել՝ ջավախքցի տղամարդը մահացել է ծեծի հետևանքով։

43-ամյա Պողոսյանի մահվան գործը վերաբացվել է 2019-ին՝ դեպքի ականատես Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի բողոքից հետո։ Գործով միակ մեղադրյալը նախկին նախագահի թիկնազորի անդամներից «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանն է՝ անզգույշ սպանության հոդվածով։

XS
SM
MD
LG