Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ին կայցելի Երևան, որտեղ նախատեսվում են ՀԱՊԿ միջոցառումներ: Այդ մասին ասել է արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Սերգեյ Նեչաևը:
«Նոյեմբերի 22-ին և 23-ին նախարարը կմասնակցի ՀԱՊԿ երկրների արտաքին և պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին: Միջոցառումը տեղի կունենա Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի հերթական նիստին ընդառաջ»,- տեղեկացրել է Նեչաևը:
Նրա խոսքով, կայանալիք հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվելու ՀԱՊԿ երկրների տարածաշրջաններում առկա ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև միջնստաշրջանային ժամանակամիջոցում ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ:
Նեչաևի փոխանցմամբ, նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականությանը, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող որոշումների նախագծերի մի ստվար փաթեթ:
Բացի այդ, նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերին, այդ թվում՝ Եզրափակիչ հռչակագրին, որը կներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի հաստատմանը: