Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան, «Հայաստանը»՝ ոչ


Ընդդիմադիր պատգամավորների դատարկ տեղերը Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հուլիս, 2022
Ընդդիմադիր պատգամավորների դատարկ տեղերը Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հուլիս, 2022

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որ Հայաստան խմբակցության հետ միասնաբար բոյկոտել էր Ազգային ժողովի նիստերն ու փողոցում վարչապետի հրաժարականն էր պահանջում, որոշել է խորհրդարան վերադառնալ։

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

Հաջորդ շաբաթվա քառօրյա նիստերին 6 հոգանոց «Պատիվ ունեմ»-ը ներկա կլինի, ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը. - «Ես կարծում եմ, որ այս պահին մենք շարունակելու ենք օգտագործել խորհրդարանական բոլոր լծակները, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ հնարավոր գործիքակազմով պայքարենք»։

Խորհրդարան վերադառնալը չի նշանակում հրաժարվել Փաշինյանի իշխանության դեմ պայքարից։ Թովմասյանի խոսքով՝ հիմա բոլոր լծակներով կպայքարեն նաև քաղաքական թիվ մեկ ամբիոնից. - «Ես կարծում եմ, որ մենք պիտի խորհրդարանի բոլոր լծակները օգտագործենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար»։

«Պատիվ ունեմ»-ը խորհրդարան է վերադառնում միայնակ, առանց դաշնակից «Հայաստան» խմբակցության։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ վերադարձի միասնական որոշում չունեն. - «Միասնական որոշում խորհրդարան վերադառնալու չկա»։

Դաշնակցական Մանուկյանը պնդեց՝ իրենց որոշումն ուժի մեջ է, եթե վերադառնան էլ, ապա սեփական օրակարգով։ Ինչպես անցած նիստի հայտարարությունների ժամին, երբ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ ամբիոնից ելույթ ունեցան եւ հեռացան. - «Եթե այլ որոշումներ լինեն, դրա մասին կտեղեկացնենք»։

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները գարնանից բոյկոտեցին Ազգային ժողովի նիստերը և Փաշինյանի հրաժարականի պահանջով ամենօրյա ցույցեր ու անհնազանդության ակցիաներ սկսեցին։ Հիմա «Պատիվ ունեմ»-ը միայնակ է վերադառնում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ պառակտվել են ընդդիմադիր դաշնակիցները։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը վստահեցնում է, հիմա էլ միասնական են. - «Նաև պետք է ասեմ, որ անցնող քառօրյայի քվեարկություններին «Պատիվ ունեմ» խմբակցությունը որ ներկայացել է, նախապես մեր խմբակցությանը տեղյակ էր պահել, որ իրենք ներկայանալու են»։

Իսկ վերադարձող «Պատիվ ունեմ»-ը պատրա՞ստ է քննարկել իշխանության նախագծերը։ «Բնականաբար, մենք սնդիկի մասին օրենքի շուրջ չենք հավաքվելու քննարկենք որևէ հարց և պետք է հասկանանք, թե ինչ առաջնահերթություններ կան։ Ես, օրինակ, բազմաթիվ հարցեր ունեմ Մարդու իրավունքների պաշտպանին առնչվող, որոնք այս ընթացքում ես փորձել եմ տարբեր հարթակներում բարձրաձայնել և լուծում գտնել։ Դրանք նաև այսուհետ դուք կլսեք նաև Ազգային ժողովի ամբիոնից»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ողջունում են «Պատիվ ունեմ»-ի վերադարձը

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասում է՝ ընտրողները ընդդիմադիրներին միայն փողոցում պայքարելու համար չեն ձայն տվել. - «Նրանց ընտրողները չեմ կարծում նրանց մանդատ են տվել, որ նրանք ամիսներով, գուցե տարիներով խորհրդարանի դռները չբացեն և չզբաղվեն իրենց խնդիրներով»։

Իշխանական պատգամավորի կարծիքով, ընդդիմադիրների մի մասը վերադառնում է մանդատ կորցնելու վախից։ Եթե այս տարի իշխանությունն ընթացք չտվեց բացակայություններին, դա չի նշանակում, որ հետագայում քննարկման առարկա չի դառնա. - «Ես կարծում եմ, նրանց որոշների մտավախությունը թերևս այս է։ Որովհետև ինչպես մենք, այնպես էլ նրանք հստակ գիտեն, թե այդ սահմանափակումները որ ժամկետից որ ժամկետ են։ Իսկ մենք սրանց կարող ենք անդրադառնալ 2023 թվականի հունվարին»։

Ոմանք էլ էությամբ օրենսդիրներ են ու ցանկանում են աշխատել, կարծում է իշխող խմբակցության պատգամավորը։ Ըստ նրա, իշխանությունն էլ հաճախ ընդդիմադիրների կարծիքների ու քննարկումների կարիքն ունի, որ ամիսներ շարունակ չկան խորհրդարանում։

XS
SM
MD
LG