Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի վերջին ասուլիսն էր այսօր։ Նա պաշտոնը զիջում է գործարար Ռուբեն Վարդանյանին, որը երկու ամիս առաջ հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից ու տեղափոխվեց Արցախ։
«Ես շատ ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակելու է պետնախարարի կարգավիճակում պաշտոնավարել, իհարկե՝ տարբեր լիազորություններով, տարբեր գործառույթներով, նպատակներով», - ասաց Բեգլարյանը։
Եթե Արտակ Բեգլարյանը վերահսկում էր կրթության, սոցիալական, առողջապահության ու արդարադատության ոլորտները, Ռուբեն Վարդանյանի դեպքում կավելանան նաև արտաքին գործերի, քաղաքաշինության, ֆինանսների, գյուղատնտեսության ու տարածքային կառավարման ոլորտները, մանրամասնեց Արցախի իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը. - «Ռուբեն Վարդանյանի պարագայում սա լինելու ա գործադիր թևի բոլոր ոլորտները՝ բացառությամբ ուժային»։
Ռուսաստանից Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանին կադրային փոփոխությունների հարցում էլ լիազորություններ կտրվի։ Ըստ իշխանական պատգամավորի՝ կկարողանա ինքնուրույն նշանակումներ անել. - «Կադրային քաղաքականության վարման որոշակի արտոնություններ ա երևի տրվելու, ինքնուրույնություն ա տրվելու Ռուբեն Վարդանյանին»։
IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդանյանը Ստեփանակերտ տեղափոխվելիս առաջարկում էր ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության ճակատ։ Պաշտոնի մասին չէր խոսել։ Սեպտեմբերին իր հրավիրած ասուլիսում ասաց, որ պատրաստ է և' Արցախում, և' Հայաստանում պատասխանատվություն ստանձնել։ Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան առաջարկեց պետնախարարի պաշտոնը՝ լայն լիազորությունների խոստումով։
«Պատրաստ եմ ամեն ինչի։ Բայց դա ոչ մի կապ չունի էն, ինչի համար ստեղ էկել եմ», - նշել էր Վարդանյանը։
Արտակ Բեգլարյանը, որ 44-օրյա պատերազմից ինն ամիս անց նշանակվեց պետնախարար, այսօր խոստովանեց՝ Արցախում կառավարության նկատմամբ հանրային վստահության ճգնաժամ կա. - «Մենք ունենք հասարակության մեջ նաև վստահության բավականին լուրջ խնդիր, որը վերաբերում է և' պետական մարմինների, պետական պաշտոնյաների հանդեպ վստահությանը, և' ընդհանրապես հասարակության մեջ վստահության ճգնաժամ կա»։
Ի՞նչ կփոխի գործարար Վարդանյանը Արցախում, որտեղ գլխավորը անվտանգության խնդիրն է։ Ինչպե՞ս է իրականացնելու իր ծրագրերն ու ամրացնելու անվտանգության ճակատը։ Ռուբեն Վարդանյանի հետ այսօր կապվել չհաջողվեց։
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը, որ 55 օր նստացույց էր անում Ստեփանակերտում, կառավարության փոփոխություն պահանջում, ասաց՝ ռազմական անվտանգության տեսանկյունից ակնկալիք չունեն, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հույս ունի. - «Անվտանգություն ասելով եթե նկատի ունեք զուտ ռազմական առումով, ինքը չի կարա ազդեցություն ունենալ։ Իսկ եթե մեր տնտեսությունը զարգանա, դա էլ է անվտանգությունը ուժեղացնում։ Միանշանակ պետնախարարի փոփոխությունը առաջնայիններից էր և մտնում էր մեր պահանջների մեջ»։
Ընդդիմադիր գործիչը չորս անգամ հանդիպել է ապագա պետնախարարին։ Ասաց՝ խոստացել է ինքնուրույն գործլ՝ Արայիկ Հարությունյանի ազդեցությունից դուրս. - «Ես կոնկրետ հարցեր եմ ուղղել, պատասխաններ եմ ստացել, որովհետև իմ համար հետաքրքիր էր, թե ով էր մնացած նշանակումները, էդ փոփոխությունները անելու, արդյոք Արայիկ Հարությունյանը դրա հետ կապ ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Նա ինձ հավաստիացրեց, որ որևիցե մեկը կապ չի ունենալու, այլ ինքը իր թիմով այդ նշանակումները որոշելու է»։
Ինչո՞վ է բացատրվում Ռուբեն Վարդանյանի անհամեմատ լայն լիազորություններն ու կադրային նշանակումների ազատությունը, արդյո՞ք այսպիսով ճանապարհ են հարթում Արցախի ղեկավարի պաշտոնի համար։ Այս հարցին Տիգրան Պետրոսյանը դժվարացավ պատասխանել։
Իշխանական պատգամավոր Արամ Հարությունյանի կարծիքով՝ այս նշանակումը չպետք է ընկալել նախագահ Հարությունյանի իշխանության զիջում։ Արցախում ծանր իրավիճակ է, լայն լիազորություններ տրվելու են նաև Ազգային ժողովին՝ Սահմանադրության փոփոխությամբ։