Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը նոյեմբերից կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը


Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված և սեպտեմբերին Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը և նոյեմբերին կստանձնի պետնախարարի պաշտոնը։

Հարությունյանը կես ամիս առաջ էր այս առաջարկն արել Վարդանյանին՝ վստահեցնելով, թե պատրաստ է նրան որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ տրամադրել։ Մինչ օրս Արցախի նախագահը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի՝ գործելու լայն լիազորություններ ասելով, և արդյո՞ք դա նաև առնչվում է Արցախի խնդրի կարգավորմանը։ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ պաշտոնը կստանձնի, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։

Արդյո՞ք համաձայնությունը նշանակում է, որ ընդունվել են իր մոտեցումները, այսօր տարածած հայտարարության մեջ Վարդանյանը չի պարզաբանում։ Չի մանրամասնել նաև իր մոտեցումների բովանդակությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու IDeA հիմնադրամի 54-ամյա համահիմնադիրը գրում է միայն, որ իրեն մտահոգում են Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը. - «Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները»։

Վարդանյանը նաև հայտարարել է, թե Արտակ Բեգլարյանին պետնախարարի պաշտոնում փոխարինելուց հետո կներկայացնի իր ռազմավարական նպատակները, առաջնահերթ խնդիրները, ձեռնարկելիք քայլերը։

Նախկինում ռուսաստանաբնակ գործարարը պաշտոնը ստանձնում է Արցախի հարցի շուրջ անորոշության ֆոնին, երբ մի կողմից պաշտոնական Երևանը խոսում է Բաքու-Ստեփանակերտ միջազգային քննարկումների հնարավորության մասին, մյուս կողմից, Բաքուն մերժում է այդ գաղափարը՝ ամենաբարձր մակարդակով հայտարարելով, թե Ղարաբաղի հայերը իր քաղաքացիներն են ու երրորդ ուժերի հետ չեն պատրաստվում այդ հարցը քննարկել։

Պետնախարարը Արցախում կառավարության ղեկավարն է, նախագահից հետո երկրորդ պաշտոնյան։ Տեղի իշխանական ու ընդդիմադիր գործիչները չեն կարծում, որ ընդամենը երկու ամիս առաջ Ստեփանակերտ տեղափոխված Վարդանյանին նման բարձր պաշտոնի նշանակելը առնչություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի հետ։

Նման քնննարկումներ չեն եղել, ասաց Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։ Այդուհանդերձ, պաշտոնյան չբացառեց հետագա բանակցություններում Վարդանյանին ընտրելու տարբերակը. - «Չի բացառվում։ Բայց նաև էդպիսի քննարկում չի եղել։ Մինչև էդ հարցը չկարգավորվի, էդպիսի քննարկում տեղի չի ունենալու»։

Արցախի իշխանությունները շարունակում են պնդել, թե Բաքվի հետ պատրաստ են բանակցել բացառապես որպես բանակցային լիիրավ կողմ։ Այսօր էլ խորհրդարանի իշխանական խմբակցության ղեկավար Հարությունյանը պնդեց՝ դեռ վաղ է այս մասին մասին խոսելը, և Արցախի իշխանությունները բանակցող կնշանակեն, երբ իրենց պայմանը կատարվի. - «Եվ էն տարբերակը, որը էս պահին շրջանառվում է, այսպես ասենք՝ Բլինքենի տարբերակով, որ հայ էնթիկ բնակչության կողմից նշանակում են ներկայացուցիչ, և ի սկզբանե նախապայման դնելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում բանակություններ վարել, այսինքն՝ ի սկզբանե ասել, որ էլ բանակցություն չի կարող էտի լինել... Դրա համար մենք ասում ենք՝ մենք պատրաստ ենք բանակցությունների, և բանակցողն էլ կլինի պաշտոնապես Արցախի իշխանությունների կողմից նշանակված անձ, կլինի բանակցությունների լիիրավ կողմ»։

Արցախի ընդդիմադիրները դեռևս չեն շտապում գնահատականներ հնչեցնել մեծահարուստ գործարարի պետնախարարի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ։ Ժամանակը ցույց կտա, ասում են։

Ընդդիմադիրներից «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ողջունելով Վարդանյանի Արցախ տեղափոխվելը, միաժամանակ կեղծ օրակարգ է որակում այն տեղեկությունները, թե այս քայլով Ռուբեն Վարդանյանին են փորձում դարձնել Բաքվի հետ բանակցող. - «Դա էլ է կեղծ օրակարգ։ Չի կարող Արցախը բանակցել Ադրբեջանի հետ։ Եվ էստեղ ոչ թե անձն է հարցը։ Որևէ անձ չի կարող գնալ նման քայլի, որովհետև դա աբսուրդ է, դա հորինվածք է, որով Հայաստանում բնակվող, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ուզում են հանդարտեցնել։ Բայց Արցախում յուրաքանչյուրը գիտի, որ էդպիսի բան հնարավոր չէ ուղղակի»։

Արցախի նախագահականից այսօր չհաջողվեց պարզել՝ ինչո՞ւ այս շրջանում Արայիկ Հարությունյանը որոշեց հենց Ռուբեն Վարդանյանին առաջարկել առանցքային պաշտոններից մեկը, և արդյո՞ք հենց նրան է պատկերացնում Արցախի խնդրի կարգավորման բանակցություններում որպես գլխավոր դերակատարներից մեկը։

Երևանում ծնված Վարդանյանը երկար տարիներ բիզնեսով է զբաղվել Ռուսաստանում, 90-ականներին ղեկավարել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը, «Ֆորբսի» գնահատմամբ, նա մեկ միլիարդ դոլարի կարողություն ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG