Մասնակի մոբիլիզացիան ավարտելուց երեք օր անց Ռուսաստանում սկսել են կրկին ծանուցագրեր ուղարկել․ այսօրվանից սկսվել է հերթական աշնանային զորահավաքը, որին նախատեսվում է 120 հազար զինվոր զորակոչել։ Նրանց, իշխանությունները խոստացել են ուկրաինական ռազմաճակատ չուղարկել։
Անկախ լրատվամիջոցները, սակայն, փաստում են՝ իշխանությունները խոստացել էին նաև մասնակի մոբիլիզացիայի մասնակիցներին ռազմաճակատ ուղարկել հատուկ պատրաստությունից հետո միայն։ Մինչդեռ արդեն իսկ կան հակառակը վկայող տասնյակ պատմություններ, օրեր առաջ զորակոչված զինվորներից մի քանիսն արդեն զոհվել են։
Ռուսական բանակի կորուստների մասին հստակ տվյալներ չկան, վերջին անգամ դրանք պաշտոնապես հրապարակվել էին սեպտեմբերի 21-ին. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր շուրջ վեց հազար զոհվածների մասին։
Ռուսական զորքերը նոր հարձակումներ են իրականացրել ուկրաինական 50 բնակավայրերի ուղղությամբ
Մինչ այդ, այս գիշեր ռուսական զորքերը նոր հարձակումներ են իրականացրել ուկրաինական 50 բնակավայրերի, այդ թվում՝ Պոլտավայի, Նիկոպոլի, Մարգանեցի Վոլչանսկի ուղղությամբ։ Կրկին թիրախում են եղել ենթակառուցվածքները։
Կիևում այսօր հաջողվել է վերականգնել ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, որ ընդհատվել էր երեկ՝ ռուսական հարվածներից հետո։ Միաժամանակ մայրաքաղաքի իշխանությունները զգուշացրել են, թե հնարավոր են հոսանքի հովհարային անջատումներ, քանի որ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքի էներգահամակարգն ի վիճակի չէ լիարժեք աշխատել։ Բնակիչները, սակայն, չեն դժգոհում, ասում են՝ «կդիմանանք, կարևորը հաղթենք ռուսներին»:
Ուկրաինայի նախագահի պնդմամբ՝ երեկ՝ մեկ օրվա ընթացքում ռուսական կողմը արձակել է 55 թևավոր հրթիռ, որոնցից 45-ը ուկրաինական կողմը խոցել է։ Ուկրաինական ուժերը արդյունավետ խոցում են նաև իրանական անօդաչուները, ասում է Վլադիմիր Զելենսկին:
«Բոլորը տեսնում են, որ «աշխարհի երկրորդ բանակն» իր արդյունավետությամբ այլևս 22-րդն է, և մենք ամեն ինչ կանենք, որ այն դառնա 200-րդը , և դա կլինի», - նշել է Ուկրաինայի նախագահը։
Արևմուտքը շարունակում է ռազմական աջակցությունը Ուկրաինային
Քանի դեռ ռուսական կողմը շարունակում է ուկրաինական բնակավայրերի և առանցքային ենթակառուցվածքի ռմբակոծությունները, Արևմուտքը շարունակում է ռազմական աջակցությունը Ուկրաինային։ ԱՄՆ-ն 8 հակաօդային պաշտպանության NASAMS համակարգ կմատակարարի՝ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Այդ համակարգերը կարողանում են արդյունավետորեն ոչնչացնել օդային տարբեր թիրախներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնց Ուկրաինան վերջին շրջանում հաճախ է բախվում։
Զուգահեռ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական հացահատիկի արտահանման վրա։ Անցած շաբաթավերջին՝ Սևծովյան նավատորմի վրա հարձակումից հետո Ռուսաստանը հայտարարեց, որ դուրս է գալիս «գործարքից», որը թույլ էր տալիս ապաշրջափակել ուկրաինական նավահանգիստները՝ ցորենի արտահանման համար։
Չնայած դրան՝ այսօր հացահատիկով բեռնված ևս երեք նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, թե պատրաստվում է ավելի ուշ այս հարցով հեռախոսազրույց ունենալ նախագահ Պուտինի հետ։
Մինչ այդ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Մոսկվային կոչ է արել անհապաղ վերադառնալ համաձայնագրին. «Ռուսաստանը կրկին սնունդը որպես զենք է օգտագործում իր սկսած պատերազմում: Պարենային անվտանգության շարունակվող ճգնաժամը լուծելու ամենաարդյունավետ քայլը կլինի, եթե Ռուսաստանը անհապաղ վերադառնա պայմանավորվածությանը և դադարեցնի իր պատերազմն Ուկրաինայի դեմ»:
Ուկրաինա են ժամանել ԱԷՄԳ փորձագետները
Մինչ այդ պաշտոնական Ուկրաինա են ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները՝ ուսումնասիրելու Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան կեղտոտ ռումբ ունի, և պատրաստվում է այն կիրառել սեփական տարածքում։
Մասնագետներին հրավիրել էր ուկրաինական իշխանությունը, ցույց տալու, որ Մոսկվայի մեղադրանքները որևէ հիմք չունեն։ Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, թե տեսուչները արդեն սկսել են աշխատանքը և իրենց եզրակացությունները կհրապարակեն շաբաթվա վերջում։