Մատչելիության հղումներ

Բլինքենը բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է վերադառնալ հացահատիկի գործարքի իրականացմանը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել ուկրաինական սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի բոլոր կողմերին վերադառնալ դրա իրականացմանը, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Միացյալ Նահանգները ցավում է, որ Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ՄԱԿ-ի միջնորդությամբ Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին շարունակել կյանք փրկող այս կարևոր նախաձեռնությունը», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ Վաշինգտոնը «խստորեն կոչ է անում» Ռուսաստանի կառավարությանը վերսկսել իր մասնակցությունը նախաձեռնությանը և «ամբողջությամբ կատարել պայմանավորվածությունները»:

Համաձայնագրի չկատարումը ուղղակիորեն կազդի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների և պարենամթերքի համաշխարհային գների վրա, ինչպես նաև կսրի հումանիտար ճգնաժամերը և պարենային անվտանգությունը, ասել է պետքարտուղարը։

Շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան, հաշվի առնելով ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա, անորոշ ժամանակով կասեցնում է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սևծովյան նախաձեռնության իրականացումը։ Դրանից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունը պաշտոնապես ծանուցել է կառույցի գլխավոր քարտուղարին «հացահատիկային գործարքին» մասնակցության կասեցման մասին։

XS
SM
MD
LG