Ի հեճուկս Արևմուտքի՝ Իրանը պատրաստվում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ մատակարարել Ռուսաստանին, հաղորդում է Reuters-ը` հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին և դիվանագետներին։
Իրանցի պաշտոնյաները գործակալությանը հայտնել են, որ սպառազինության վաճառքի շուրջ պայմանավորվածությունը կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 6-ին, երբ Մոսկվա են ժամանել Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները։ Ռուսական կողմն «ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և իրանական բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներ է պահանջել՝ մասնավորապես «Ֆաթեհ» և «Զոլֆաղար» տեսակի», - անանուն իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Կարճ հեռահարության այս երկու հրթիռները խոցում են մինչև 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ:
Ամերիկյան մեկ այլ առաջատար լրատվամիջոցի՝ The New York Times-ի տեղեկություններով, Թեհրանը Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ է գործուղել իրանցի մասնագետների՝ ռուսաստանցի զինվորականներին սովորեցնելու իրանական անօդաչուների կիրառման ձևերը։ Թերթը վկայակոչում է հետախուզական տվյալներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ իրանական պատվիրակությունը տեղակայվել է Ղրիմում գտնվող ռուսական ռազմաբազայում, նրանց թիվը, սակայն, հայտնի չէ, հստակ չէ նաև՝ արդյոք նրանք անձամբ են կառավարում դրոնները:
Կիևն ու Արևմուտքը պնդում են, որ վերջին օրերին իրանական անօդաչու թռչող սարքերը կարևոր զենք են դարձել Ռուսաստանի ձեռքում, որոնց կիրառմամբ լայնածավալ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ամբողջ տարածքի էլեկտրական ենթակառուցվածքներին և այլ քաղաքացիական թիրախներին:
Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ խոսքը մասնավորապես Mohajer-6, որը նախատեսված է հետախուզության համար, և Shahed տեսակի դրոնների մասին է: Դատելով իրանական մամուլում իրանցի զինվորականների հնչեցրած հայտարարություններից՝ վերջինը Թեհրանի արտադրած դրոնների շարքում ամենահզորն է։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության համար գլխացավանք դարձած այդ դրոնները թռչում են ոչ մեծ բարձրության վրա, կարող են հարյուրավոր կիլոմետրերով թռիչք իրականացնել, ընդ որում խմբով՝ հակաօդային կրակի հաղթահարումը երաշխավորելու համար:
Պաշտոնական Թեհրանն ու Մոսկվան կտրականապես հերքում են սպառազինության առքուվաճառքի մասին պնդումները, Իրանի իշխանությունները հավաստիացնում են, թե ռուս - ուկրաինական հակամարտության կողմերից և ոչ մեկին չեն օգնում և առհասարակ դեմ են պատերազմին։
Արևմուտքը հակադարձում է՝ վկայակոչելով «բավարար ապացույցները», և սպառնում նոր պատժամիջոցներով: Բրյուսելից, Վաշինգտոնից հայտարարում են, որ դրոններ տրամադրելով Մոսկվային՝ Թեհրանը կոպտորեն խախտել է 2015 թվականի միջուկային համաձայնագրին հավանություն տալու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը։ Հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։
Վաշինգտոնը դեռևս սեպտեմբերին է պատժամիջոցներ սահմանել Իրանի մի խումբ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են անօդաչու թռչող սարքերի արտադրության և Ռուսաստանին զենքի մատակարարման գործընթացներում։ Սպիտակ տունը սպառնում է ավելի կոշտ քայլեր ձեռնարկել թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի նկատմամբ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:
«Մենք կշարունակենք խստորեն կիրառել ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները ինչպես ռուսական, այնպես էլ իրանական զենքի առևտրի դեմ, կբարդացնենք Իրանի համար զենքի վաճառքը Ռուսաստանին և մեր գործընկերների հետ կողք-կողքի կդիմակայենք տարածաշրջանում իրանական սպառնալիքին», - ասել է Քերըն Ժան Պիեռը:
Եվրամիությունը ևս հոկտեմբերի 21-ին նախատեսված գագաթնաժողովին կքննարկի Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը, հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին։ Եվրոպացի դիվանագետներն այսօր Reuters-ին հայտնել են, որ դաշինքի անդամները նախնական համաձայնության են հասել փաստաթղթի շուրջ, համաձայն որի` Եվրամիության «սև ցուցակում» կհայտնվեն 8 ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք, ըստ Բրյուսելի, ներգրավված են Ռուսաստանին իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի մատակարարման գործում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Մոսկվան սկզբնական փուլում Իրանին պատվիրել է 1750 անօդաչու թռչող սարք, որի 70 տոկոսը, ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ, երկրի զինված ուժերը խոցել են։ Սեփական հրթիռների պահուստները, ըստ Բուդանովի, Ռուսաստանը գրեթե սպառել է։ «Դրանից հետո նոր պատվերներ են հետևել, սակայն դրանց արտադրության տեմպերը և Ռուսաստան հասցնելը, դուք պետք է հասկանաք , որ ակնթարթային գործընթաց չէ», - ասել է Բուդանովը:
Պաշտոնական Կիևն ի պատասխան կարող է խզել դիվանագիտական կապերը Իրանի հետ՝ նման առաջարկով նախագահին է դիմել արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինայի օրենսդիր մարմինն էլ կառավարությունից պահանջել է անհապաղ չեղարկել Իրանի հետ ազատ վիզային ռեժիմը։
Դրոնների արտադրության 40-ամյա փորձ ունեցող Թեհրանը հարվածային անօդաչուներ է մատակարարում Լիբանանում, Գազայում, Եմենում, Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումներին։ Վերջին տարիներին հայտնի է դարձել նաև իրանական դրոնների՝ տարբեր երկրներ վաճառքի մասին։ The New York Times-ի տեղեկություններով` իրանական դրոնները գնել են Եթովպիան, Վենեսուելան, Սուդանը, իսկ Տաջիկստանում Թեհրանը նույնիսկ անօդաչուների համատեղ արտադրությամբ զբաղվող գործարան է ստեղծել։