Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ դիմում է նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկով։
Նախարար Կուլեբայի խոսքերով՝ Թեհրանը սպառազինություն մատակարարելով Մոսկվային «դարձավ Ուկրաինայի տարածքում ռուսական հանցագործությունների մեղսակից»։ Ըստ Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարի, «իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ուկրաինայի ենթակառուցվածքին հասցվել է հսկայական ավերածություններ»:
«Իրանի գործողությունները ստորություն և սուտ են, ինչը մենք չենք պատրաստվում հանդուրժել»,- ասել է Կուլեբան և հավելել, որ Թեհրանի հետ կապերը կվերականգնեն միայն այն դեպքում, եթե Իրանի իշխանությունները դադարեցնեն Ռուսաստանին զենքի մատակարարումները։