Կիևն այսօր խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Ռուսները կարծում են, որ դա իրենց կօգնի»,- հավելել է Երմակը։
Երկուշաբթի առավոտյան Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների թիվը հասել է չորսի, Տելեգրամում իր հերթին գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Եվս երկու պայթյուն Շևչենկոյի շրջանում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Այսօր ավելի վաղ Կլիչկոն արդեն հայտնել էր երկու պայթյունի մասին Շևչենկոյի շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։
Կլիչկոն նաև տեղեկացրել է, որ անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի Շևչենկո թաղամասի ոչ բնակելի շենքում։
Հրշեջներն աշխատում են։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր։ Բժիշկները տեղում են։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտում են, գրել է նա:
Կիևում պայթյունների մասին տեղի իշխանությունները հաղորդել էին նաև հոկտեմբերի 9-ին։ Ռուսական կողմից ուկրաինական քաղաքների հրթիռակոծության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել է։
Ղրիմի կամուրջի պայթյունից հետո Կիևին ահաբեկչության համար մեղադրող Պուտինը հայտարարել է, թե ուկրաինական օբյեկտներն իր հրամանով են հրթիռակոծվել։
Ուկրաինացի լրագրող, մեդիափորձագետ Մարատ Հակոբյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վերջապես 8-րդ ամսվա ընթացքում արևմտյան գործընկերները սկսել են ավելի գործնական քայլեր ձեռնարկել հիմնականում օդը փակելու ուղղությամբ։
Նրա փոխանցմամբ, Գերմանիան արդեն տրամադրել է հակաօդային պաշտպանության կայաններ, որոնք տեղադրվել են Ուկրաինայի հարավային շրջաններում, քանի որ, նրա խոսքով, իրանական կամիկաձե դրոններով ռուսական զորքը մեծ վնաս է փորձում հասցնել այդ հատվածին։ Կիևում այդ համակարգերն, ըստ փորձագետի, դեռ չկան և հարվածներ են եղել Կիևին նաև երեկ առավոտյան, մասնավորապես Կիևի էներգետիկ ենթակառուցվածքին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, թե երկիրն ունի ՀՕՊ համակարգի անհրաժեշտ քանակի ընդամենը 10 տոկոսը: ՆԱՏՕ-ի անդամներն ու համագործակցող երկրները՝ շուրջ հիսուն պետության պաշտպանության նախարարներ հոկտեմբերի 12-ին հավաքվել էին Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինայի օդային պաշտպանությունն ամրապնդելու հնարավորությունները։ Հավաքն անցնում էր Ռուսաստանի վերջին հուժկու ռմբակոծություններից հետո, որոնց թիրախում էին հայտնվել ուկրաինական խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Կիևի բնակելի թաղամասերն ու ենթակառուցվածքները։