Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանը լեգենդար խորհրդային ֆիզիկոս և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի անվան մրցանակը խորհրդանշական եղանակով կշնորհի իրավապաշտպան Իլհամ Թոհտիին:
Խորհրդանշական, քանի որ ույղուրների իրավունքների համար պայքարող տնտեսագետ Թոհտին չինական բանտում ցմահ ազատազրկման պատիժն է կրում:
Մեծ հումանիստի անվան մրցանակը Թոհտիին շնորհելու մասին որոշումը հրապարակվել է այս տարվա հոկտեմբերի 24-ին:
Այդ օրը Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին իր ղեկավարած օրենսդիր մարմնի անունից Պեկինից պահանջել է անհապաղ ազատ արձակել բանտարկյալին:
Մրցանակի շնորհումը զայրացրել է Չինաստանի ղեկավարներին, ովքեր շատ նյարդային են արձագանքում Սինծիան-Ույղուրական ինքնավար շրջանին առնչվող բոլոր մեկնաբանություններին և գնահատականներին:
Այդ շրջանում պաշտոնական Պեկինն իրականացնում է «վերադաստիարակման քաղաքականություն», որի նպատակն է, ըստ իրավապաշտպանների, ջնջել ույղուրների պատմական հիշողությունը, զրկել նրանց ազգային ինքնությունից, կրոնից, լեզվից և ավանդույթներից:
Ույղուրները ծագումով թյուրքալեզու ժողովուրդ են, դավանանքով՝ մահմեդականներ:
Արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, մոտ մեկ միլիոն ույղուրների և այլ մահմեդականների Չինաստանի իշխանությունները պահում են «վերադաստիարակման կենտրոններում»:
Ըստ Պեկինի, այդ կենտրոնների նպատակն ույղուրների ինտեգրումն է Չինաստանի հասարակարգ:
«Վերադաստիարակման կենտրոններում» նրանք, իբր, լիովին ազատ են, սովորում են և ձեռք են բերում մասնագիտություններ:
Մինչդեռ, իրավապաշտպանների համոզմամբ, այդ կենտրոնները գործնականում վերածվել են համակենտրոնացման ճամբարների:
Իլհամ Թոհտին 2009 թվականին կալանավորվել է ույղուրների մասին մտահոգություններ հայտնելու համար և ավելի ուշ ազատ է արձակվել, բայց 2014-ին նրան երկրորդ անգամ են կալանավորել և դատապարտել են ցմահ ազատազրկման՝ անջատական գործունեություն ծավալելու մեղադրանքով:
Ույղուրներին պաշտպանելու առաքելության համար Թոհտին այս տարի ստացել է նաև Վացլավ Հավելի մրցանակը, որը շնորհում է Եվրոպայի խորհուրդը: