Մատչելիության հղումներ

Սենցովը հեռակա կարգով ստացավ Եվրախորհրդարանի սահմանած Սախարովի անվան մրցանակը


Ֆրանսիա ֊֊ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տախանին (կենտրոնում) Սախարովի մրցանակը հանձնում է Սենցովի քրոջը՝ Նատալյա Կապլանին և նրա փաստաբան Դմիտրի Դինզեին, Ստրասբուրգ, 12 դեկտեմբերի, 2018թ.
Ֆրանսիա ֊֊ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տախանին (կենտրոնում) Սախարովի մրցանակը հանձնում է Սենցովի քրոջը՝ Նատալյա Կապլանին և նրա փաստաբան Դմիտրի Դինզեին, Ստրասբուրգ, 12 դեկտեմբերի, 2018թ.

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր նիստերի դահլիճ էին եկել վառ դեղին պաստառներով, որոնց վրա երեք բառ էր գրված՝ «Ազատություն Օլեգ Սենցովին»:

Ուկրաինացի ռեժիսորը, որ քսան տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանում՝ Ղրիմի բռնակցումը հրապարակավ քննադատելուց հետո, այսօր հեռակա կարգով ստացավ Եվրախորհրդարանի սահմանած Սախարովի անվան մրցանակը՝ «Մտքի ազատության» համար:

Մարդու իրավունքների ոլորտում ամենահեղինակավորներից մեկը համարվող այդ պարգևը ստանալու համար Ստրասբուրգ էին եկել նրա փաստաբանն ու քույրը՝ Նատալյա Կապլանը:

«Սա ևս մի հնարավորություն է՝ ցույց տալու աշխարհին՝ ինչ է կատարվում Ռուսաստանում: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ միջազգային հանրությունը կարող է միավորվել և գտնել Կրեմլի վրա ազդող լծակներ, որպեսզի Ռուսաստանն ազատ արձակի քաղբանտարկյալներին, որպեսզի այդ երկրում դադարեն համատարած ոտնահարել մարդու իրավունքները և ոտքերը չսրբեն Սահմանադրության վրա, որի ընդունման օրն է այսօր», - հայտարարում էր Սենցովի քույրը:

Ղրիմում ծնված 41-ամյա ռեժիսորը պնդում է՝ ճաղերի ետևում է հայտնվել Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը քննադատելու և Ուկրաինայի իշխանություններին պաշտպանելու համար: Ռուսաստանի դատախազությունը, մինչդեռ քրեական գործում նրան ներկայացրել է որպես գրոհային, ով մի քանի այլ անձանց հետ իբր ոստիկանական բաժանմունք է հրդեհել ու Ղրիմում ահաբեկչություններ ծրագրել: Մեղադրանքը հիմնավորող ապացույցներ այդպես էլ չեն հրապարակվել:

Անցած մայիսին՝ Ռուսաստանում մեկնարկող Ֆուտբոլի առաջնությունից առաջ, այս գործը կրկին հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների օրակարգում՝ Սենցովը անժամկետ հացադուլ հայտարարեց, ընդ որում ոչ թե իրեն, այլ՝ ռուսական բանտերում պահվող ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

145 օր շարունակված հացադուլի ընթացքում որևէ քաղբանտարկյալ այդպես էլ չազատվեց, սակայն դա չի նշանակում, որ Օլեգը պարտվեց: Նրա քայլերի շնորհիվ ողջ աշխարհը սկսեց խոսել ռուսական բռնաճնշումների մասին, Սենցովը կարողացավ ուշադրության կենտրոն բերել ուկրաինացի քաղբանտարկյալների հարցը, և դրանով իսկ կարելի է փաստել, որ նա արդեն հաղթել է։

Շուրջ չորս ամիս շարունակված հացադուլի ընթացքում, երբ հարազատներն ու պաշտպանները պնդում էին, թե Սենցովի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, Կրեմլը հետևողականորեն մերժում էր նրան Ուկրաինայում գտնվող որևէ ռուս կալանավորի հետ փոխանակելու առաջարկները: Կրեմլի համար սա սկզբունքային հարց էր՝ Ղրիմը ռուսական տարածք է, այնտեղ ծնված Սենցովը Ռուսաստանի քաղաքացի է, և չի կարող փոխանակվել Ռուսաստանի որևէ այլ քաղաքացու հետ: Ուկրաինացի ռեժիսորը, մինչդեռ, պնդում է՝ Ռուսաստանի անձնագիր չի ստացել և չի էլ պատրաստվում:

«Ես ճորտ չեմ, որին փոխանցում են հողի հետ», - գրել էր Սենցովը Եվրախորհրդարան ուղարկած ուղերձում, որը այսօր նրա փոխարեն ստիպված էր քույրը ընթերցել։ ֊ «Այդքան էլ կարևոր չէ՝ որքան ես ապրել, առավել կարևոր է՝ ինչպես ես կյանքդ անցկացրել: Կարևոր չէ՝ երբ կմահանաս, կարևոր է՝ ինչպես և հանուն ինչի», ֊ գրել է Սենցովը։

Եվրոպացի պատգամավորները հոտընկայս ծափահարություններով արձագանքեցին ազատազրկված ռեժիսորին:

Ի դեպ, ի պաշտպանություն Սենցովի այսօր բողոքի ցույց է անցկացվել նաև Մոսկվայում՝ նախագահական նստավայրի մոտ, միայն թե մասնակիցները ստիպված են եղել անհատական ակցիաներ անել և մեկ-մեկ մոտենալ շենքին՝ Սենցովի նկարը պատկերող պաստառներով: Միասնական ցույցի դեպքում նրանց տեղում կարող էին ձերբակալել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG