Ալավերդու նորընտիր ավագանին առանց «Քաղաքացիական պայմանագրի» անդամների այսօր համայնքի ղեկավար ընտրեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին։ Իշխող կուսակցության 13 անդամները բոյկոտել էին նիստը:
«Ապրելու երկրի» առաջնորդ Մանե Թանդիլյանն օրերս հայտարարել էր, որ Ալավերդիում հայայնքի ղեկավարի ընտրությունից առաջ իրենց թիմակիցներին ահաբեկում են, սպառնում՝ նպատակ ունենալով տապալել ավագանու նիստը: «Քաղաքացիական պայմանագրի» բոյկոտի պայմաններում եթե մյուս երկու խմբակցություններից անգամ մեկը բացակայեր, նիստը չէր կայանա: Բայց թե՛ «Ապրելու երկրի» և թե՛ ՀԱԿ-ի բոլոր անդամներն այսօր ներկա էին ու քվեարկեցին առաջադրված միակ թեկնածուի օգտին:
Նորընտիր համայնքապետ Արկադի Թամազյանը, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե ինչպիսի ճնշումներ էին եղել իրենց կուսակիցների նկատմամբ, և թե ինչ մտավախություններով էր կուսակցության ղեկավարը նման հրապարակումներ անում:
«Օրինակ՝ եղել են համայնքներ, որտեղ ընտրություններում եղել են պռավալներ, բայց մեզ մոտ ամեն ինչ անցավ քաղաքակիրթ եղանակով, նորմալ պրոցեսով: Ես իմ թիմի անդամների վրա երբեք չեմ կասկածել, բայց մտավախություն միշտ լինում է, քաղաքական պրոցես է», - ասաց նա:
Ավելի վաղ «Ապրելու երկիր» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունները հայտարարել էին 28 բնակավայր ընդգրկող խոշորացված Ալավերդիում համագործակցության մասին: Մեկ շաբաթ առաջ ստորագրված հուշագրով ՀԱԿ-ն այստեղ համայնքապետի երկու տեղակալի և 5 վարչական ղեկավարի պաշտոն կստանա:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր ասաց՝ տարօրինակ է՝ ինչու իշխող ուժը, որ միշտ հայտարարում է ժողովրդավարական արժեքների մասին և քննադատում ընդդիմությանը ԱԺ նիստերը բոյկոտելու համար, այսօր ճիշտ նույն ճանապարհն է ընտրել Ալավերդիում:
«Ինձ համար սա նշանակում է, որ սա է իրենց իրական վերաբերմունքը ժողովրդավարության սկզբունքներին: Իրենց այսօրվա չներկայանալը նիստին ուղիղ գնահատականն է նրա, թե ինչքան կարևոր էր իրենց համար այս համայնքապետարանը, այսինքն՝ եթե իրենք մի քիչ ավելի հանգիստ վերաբերվեին այդ հարցին, ես չեմ կարծում, որ կընկնեին հոգեկան այնպիսի տվայտանքների մեջ, որ չկարողանան անգամ ներկա լինել, թեկուզ և փոքրիկ, բայց ժողովրդավարության մի տոնակատարության», - ասաց նա:
Այսօրվա ավագանու նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Հովհաննես Ավետիսյանը: Լրագրողներին ասաց՝ տեղյակ չէր, որ իր թիմակիցները բոյկոտելու են նիստը: Հույս հայտնեց, թե հաջորդ նիստերին, երբ կքննարկվեն համայնքին վերաբերող հարցեր, կներկայանան:
«Քանի որ նիստը կայացավ, թեկուզ նաև «Քաղաքացիական պայմանագրի» սա անդրանիկ նիստն էր, այստեղ որևէ հարց կախված չէր ներկա լինել-չլինելուց, և այստեղ բնակչի հարցը չէր քննարկվում, այսինքն՝ քաղաքում վերակառուցման, քաղաքում աշխատանքներ իրականացնելու հարց չէր քննարկվում: Ես հույս ունեմ, որ առաջիկա նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտադիր ներկա կլինի», - նշեց նա:
Ավելի ուշ ՔՊ խմբակցության անդամ Հարություն Ձավարյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստը բոյկոտելն իրենց քաղաքական որոշումն էր: Տարօրինակ է համարում «Ապրելու երկրին» միանալու ՀԱԿ-ի որոշումը, իսկ առաջիկա նիստերին ինքն անձամբ ներկա կլինի, մյուս 12 անդամների մասնակցության մասին ոչինչ չասաց: