Մատչելիության հղումներ

Ալավերդու հեռացող իշխանությունների նախաձեռնած ավագանու նիստը չկայացավ


Ալավերդու հեռացող իշխանությունների նախաձեռնած ավագանու նիստը, որտեղ քննարկվելիք 40 հարցերի մեծ մասը համայնքային հողեր ու տարածքներ վաճառքի հանելու մասին էին, չկայացավ։ Անցած 9 ամիսներին ընդամենը երեք նիստ գումարած ավագանու միայն երեք անդամներ էին ներկա։

Ընդ որում՝ այս նիստով աճուրդի հանվող ավելի քան 7000 մետր տարածքը ներկա անդամներից մեկը՝ Սեյրան Հովհաննիսյանն էր ցանկանում սեփականացնել՝ լինելով նաև աճուրդային հանձնաժողովի անդամ։ Ասաց՝ տարիներ շարունակ փաստացի օգտագործում է տարածքը, այժմ էլ ցանկանում է օրինականացնել։

«Փաստաթուղթ չունեմ, հիմա էլ օրինականացնում եմ, ի՞նչն է խանգարում», - նշեց Հովհաննիսյանը:

Համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, որ չէր առաջադրվել սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններին և մի քանի օրից կհեռանա պաշտոնից, արդարացրեց օրակարգում շատ թվով հողեր ու տարածքներ աճուրդի հանելու իրենց նախաձեռնությունը. «Հասարակ բան եմ ասում՝ եթե դրա տակ անազնվություն լիներ, եթե դրա տակ անարդարություն լիներ, ես կվախեի, ես չեմ վախում»:

Հինգ տարի Ալավերդին ղեկավարած Սասուն Խեչումյանն ասաց՝ բացի տարածքների վաճառքը, նաև այլ հարցեր կային օրակարգում, և նշեց, թե 5 տարվա ընթացքում առաջին անգամ կապիտալ ծրագրեր անելու «իդեալական հնարավորություններ» ունեն։

«Ալավերդիում առաջին անգամ շքամուտքերը եվրոպատուհաններ են ունենալու, առաջին անգամ Ալավերդիում երկու շենք գնում է ջերմամեկուսացման, կոնկրետ կապիտալ վերանորոգման լուրջ ճանապարհների թիվ ենք ներկայացրել», - նշեց Խեչումյանը:

Հանրապետական համայնքապետը չմանրամասնեց, թե ինչո՞ւ նախորդ տարիներին չի հաջողվել իդեալական ֆինանսական պատրաստվածություն ունենալ։ Ասաց՝ անկրկնելի ավագանի են ունեցել։ Թեև այս տարի ընդամենը երեք նիստ են գումարել, բայց սիրել են իրենց քաղաքն ու գործ են արել։

«Ես գիտեմ, որ Ալավարդի համայնքը բացառիկ համայնք է, որ անկրկնելի ավագանի ունի, իր քաղաքը սիրող ու ըստ անհրաժեշտության քաղաքապետի հետ էլ կռվող-բարիշող», - ընդգծեց նա:

«Ազատության» հարցին, թե «ի՞նչ եք թողնում համայնքում գնալուց առաջ», Խեչումյանը պատասխանեց. «Էն, ինչ որ ես թողել եմ, պայմանական իմ հոգին է իմ քաղաքում, իմ սերը: Կարող է 5 ամիս հետո պարզ լինի, որ ամենաթանկ բանն եմ թողել, հիմա ես չեմ կարող պատասխանել, որովհետև դրանք չպատասխանվող հարցեր են»:

Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրություններում հիմնական մրցակիցները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցություններն էին։ Նրանցից որևէ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսը։ Երկու կուսակցություններն էլ ձևավորված ավագանիում 13-ական մանդատ ունեն։ Ավագանի անցած երրորդ ուժը՝ «Հայ Ազգային կոնգրեսը» հուշագրով պարտավորվել է քվեարկել «Ապրելու երկրի» օգտին, ինչն էլ մեկ ձայնի առավելություն կտա Ալավերդու հետ միավորված Ախթալայի գործող համայնքապետ Արկադի Թամազյանին։

Հարություն Ձավարյանը Ալավերդի համայնքի գործող ավագանու անդամ է ու «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով կընդգրկվի նաև նորընտիր ավագանու կազմում։ «Ազատությանն» ասաց՝ համոզված էին, թե հաղթելու են, հույսերը չարդարացան. «Պարտությունը, իհարկե, ցավալի էր, սպասելի չէր»:

Ավագանի անցած երկու հիմնական ուժերի հավասար լինելը համայնքի օգտին կլինի, թե՞ հաճախ ճգնաժամային իրավիճակներ կստեղծի համայնքում։ «Քաղաքացիական պայմանագրի» անդամը կարծում է, թե դա համայնքի օգտին է։

«Էս համամասնությունը ոչ մեկին հինգ տարի հնարավորություն չի տալու, որպեսզի մեկ վայրկյան հանգստանան: Ավագանու նիստում մի հատ իրավիճակ պատկերացրեք, որ ով որ լինի իշխողը համայնքում, ընդամենը մեկ բացակայի դեպքում կարա լրիվ ոչ ցանկալի որոշում կայացվի իրանց համար, դրա համար ավագանին 5 տարի մոտիվացված է լինելու շատ աշխատանքի համար», - ասաց Ձավարյանը:

Ալավերդու Հաղպատ բնակավայրում բնակիչների մեծ մասը հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել համայնքի կառավարման, իրենց սպասելիքների ու տեղի ունեցող նիստերի մասին։ Հաղպատցի Վաչագան Գաբոյանը եզակիներից էր՝ խոսեց ու թե՝ միևնույնն է՝ իրենց դեռ լսող չկա։

XS
SM
MD
LG