Մատչելիության հղումներ

«Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը կհամագործակցեն Ալավերդիում


Ալավերդի քաղաքի համայնապատկեր, արխիվ
Ալավերդի քաղաքի համայնապատկեր, արխիվ

«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում հայտնում են Ալավերդի համայնքում համագործակցության մասին:

Հայտարարության համաձայն՝ երկու կուսակցությունները, «կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը, հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը, նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը, համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը», համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝

« - Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը;

- Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը;

- Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները»:

Հայտարարության հեղինակները վստահեցնում են, որ «Ալավերդի համայնքում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման»:

Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար:

Սեպտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե ով կղեկավարի Ալավերդին առաջիկա 5 տարիներին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞ր»-ը, թե՞ «Ապրելու երկիր»-ը, որոնք 13-ական մանդատ են ստացել ավագանիում:

XS
SM
MD
LG