Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում թուրք դիվանագետի պնդումը, թե Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերին


Թուրքիայի արտաքին գերատեսչության բարձրաստիճան մի պաշտոնյա թուրքական լրատվամիջոցներին հայտնել է, որ հայ և թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին։ Մինչդեռ Հայաստանի Արտգործնախարարությունը չի հաստատում այս տեղեկությունը:

Արտաքին գերատեսչության խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, թե այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Վահան Հունանյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին Երևանը հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում է։

Թուրք բարձրաստիճան դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ, բավականին ծավալուն հարցազրույցում խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին առնչվող տարբեր հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ Անկարան պնդում է, որ բանագնացների հաջորդ բանակցությունները արդեն ոչ թե երրորդ երկրներում, այլ Հայաստանում և Թուրքիայում անցկացվեն, բայց դրա համար մի շարք հստակ քայլեր է պետք ձեռնարկել: «Թուրքիան և Հայաստանը թշնամիներ չեն և երկու երկրների հատուկ ներկայացուցիչները հանգիստ կարող են գնալ գալ», - շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։

Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչը այս հունվարից ի վեր արդեն չորս անգամ հանդիպել են, նախ Մոսկվայում, ապա երեք անգամ Վիեննայում: Բոլոր հանդիպումներից հետո կողմերն ընդգծել են լիարժեք կարգավորման գնալու պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների, չնայած թուրքական կողմը շարունակ հայտարարում է, որ գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ։

Թուրքական պարբերականները, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, գրում են, թե հայ և թուրք բանագնացների հանդիպումները շատ դրական և անկեղծ մթնոլորտում են անցել։

Դիվանագետը նաև նշել է, որ ներկայիս գործընթացը տարբերվում է 2009-ի հաշտեցման բանակցություններից, բայց որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին կարելի է խոսել, երբ գործընթացում որոշակի հասունություն լինի: Պաշտոնյան կարևորել է կարգավորման շուրջ երկու երկրների հանրային ընկալումները և ընդգծել, որ հասարակությունները ևս պետք է ընդունեն կարգավորումը, այդ պատճառով էլ գործընթացը պետք է առաջ տանել վստահության բարձրացմանը միտված քայլերով:

Դիվանագետի պնդմամբ՝ Թուրքիայի նպատակը տարածաշրջանում կայունության հաստատումն է և այս իմաստով կարևոր է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը: Նա նաև ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը հաղորդակցական ուղիների տեսանկյունից այլընտրանքային նոր հնարավորություններ կստեղծի, ինչը դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի համար:

Թուրք դիվանագետը խոսել է նաև վերջերս հայ-թուրքական սահման թուրքական արտաքին գերատեսչության պատվիրակության այցի մասին: Շուրջ երեք շաբաթ առաջ Իգդիր և Կարս էր այցելել բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, եղել սահմանային Ալիջան և Աքյաքա անցակետերում: Արտգործնախարարության ներկայացուցիչը ասել է, որ սահմանների բացման հետ կապված ենթակառուցվածքային շատ աշխատանք կա:

«Հայ-թուրքական սահմանով անցնող Անիի պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջի վերականգնումը վստահության բարձրացման լուրջ քայլ կարող է լինել», -ասել է թուրք դիվանագետը:

Թեև իրենց վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները, սակայն ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան չեն հայտնում, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունները:

Այս հարցի վերաբերյալ թուրք դիվանագետը ասել է, որ սեպտեմբերին հնարավոր է հանդիպեն երկու երկրների տրանսպորտի, առևտրի ու արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները՝ քննարկելու տեխնիկական հարցեր: Հայկական կողմ այս մասին որևէ տեղեկություն չի հայտնել:

XS
SM
MD
LG