Երեկ Հայաստանի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ էին, որոնցից միայն 9-ում է հաղթել իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը (ՔՊ)՝ Արագածոտնի մարզի Թալին և Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի Արենիում և Եղեգիսում, Կոտայքի Ակունքում և Ջրվեժում, Սյունիքի Սիսիանում:
Ջրվեժում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակ առաջադրված կուսակցությունն էր, ընտրողների ամենացածր մասնակցությունն է գրանցվել՝ ընդամենը 27 տոկոս։
Երեկվա ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են սահմանային Սյունիքում: Սիսիանում, որտեղ առաջադրված 7 ուժերից հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, քվեարկել է ընտրողների 55, իսկ Քաջարանում՝ մոտ 78 տոկոսը:
Սիսիանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հարևան Քաջարանում առավելություն ունի իշխող կուսակցության մրցակիցը՝ «Դեպի միասնություն» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է 2016-ից համայնքը ղեկավարող Մանվել Փարամազյանը, ում նկատմամբ հարուցված քրեական գործն արդեն մեկ տարի դատարանում է։
Տավուշի Բերդ համայնքում հաղթել է «Զորավոր համայնք» դաշինքը, որի ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը մոտ մեկ տարի է կալանավորված է համայնքին էական վնաս պատճառելու մեղադրանքով։ Նա Բերդի գործող համայնքապետն է 2012 թվականից։ Մանուչարյանի դեմ քրեական գործը ևս դատարանում է։
Քրեական հետապնդման ենթարկվող մեկ այլ թեկնածու էլ հաղթել է Շիրակի մարզի Անի համայնքում։ Գործող հանրապետական ղեկավար Արտակ Գևորգյանը դեռ 2019 թվականից մեղադրվում է համայնքի բյուջեն վատնելու համար։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել համայնքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներից հետո։ Համայնքապետը հրաժարական չտվեց, գործն արտահերթի չհասավ, ու երեկ էլ Գևորգյանը հաղթեց իր երկու մրցակիցներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայկական երազանք» կուսակցություններին:
Լոռու մարզի Ալավերդի համայնքում ընդամենը 234 ձայնով հաղթեց «Ապրելու երկիր»-ը, Գյուլագարակում 48 ձայնի առավելություն ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Լոռու Տաշիրում 5 տարվա գործող համայնքապետը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ զգալի տարբերությամբ։
Գեղարքունիքի Ճամբարակում էլ ընտրություններին մասնակցած միակ կուսակցությունը «Դեմոկրատական այլընտրանքն» էր։ Ընտրողների մոտ 50 տոկոսը մասնակցել ու, այլընտրանք չունենալով, ձայն է տվել այս կուսակցությանը։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ