Մատչելիության հղումներ

Հայրը պնդում է՝ գիտի անհետ կորած որդու տեղը, բայց Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքից դուրս բերել չեն կարողանում


Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հայրը պնդում է՝ վիրավոր որդու տեղը գիտի՝ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ է՝ ձորում, բայց նրան Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքից դուրս բերել չեն կարողանում:

«Երեխեն զանգել է ամսի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, որ ես յաչեյկից աջ եմ իջել, տղերքը ջոգել են, որ ճիշտ է գալիս երեխեն, էնդտեղից կպել ա Սրաշենի անտենային հեռախոսահամարը, որ իրոք էդ ձորակում ա, ու ոչ մի քայլեր չեն ձեռնարկվում, բացարձակ, մենակ աշխատում է հրամանատարական կազմը զորամասի, որ ես էնդտեղ եմ եղել, հեռախոսի sms-ներով, ռուսներին զանգելով իմ ներկայությամբ, որ մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց թույլ չի տալիս Ադրբեջանը», - ասաց Արամ Թորոսյանը:

Վահեն 9 ամսվա զինծառայող է, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր են տարել սեպտեմբերի 12-ին, վիրավորում է ստացել հաջորդ օրը՝ գլուխը, ոտքը, ձեռքը:

«Մեկ ամիսը կլրանա, որդիս այդ ձորում վիրավոր դիմանալո՞ւ է», - անհույս հարցնում է հայրը. «Իմ պահանջը մի հատ է՝ իմ երեխուն տվեք ինձ, ու դրա պատասխանը չկա, բանակցություններ են արվում, որ թույլ տան, վերջ, էդ ա պատասխանը, էդ պատասխան չէ»:

Ընտանիքն Արմավիրի Լուսագյուղում է ապրում:

Պաշտպանության նախարարության մոտ այսօր Վահեի հարազատներն էին, համագյուղացիները:

«Այսօր մենք վիրավոր երեխա ունենք, գիտենք, որ վիրավոր է մի քանի տեղից, ինչքա՞ն պիտի դիմանա կամ արդյոք դիմանո՞ւմ է, ես չգիտեմ: Մենք իր մամային ի՞նչ ասենք, ամեն օր՝ Ռուզան, իմ տղան կա՞, ասում եմ՝ կա, ոնց չկա, ինքը կդիմանա, ինքը ճարպիկ է, չմտածես: Ասում ա՝ չէ, բայց ո՞նց ասես մորը, կարող ա և չդիմանա: Արդեն քանի օր է, հեսա մի ամիսը կլրանա», - ասում են նրանք:

Այս շենքի մոտ ու շենքում էլի են եղել, պատասխանը անփոփոխ է՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց հսկողության տակ անցած տարածք՝ որոնումների, նույնիսկ եթե կոորդինատները հստակ գիտեք:

«Այս շենքում (Պաշտպանության նախարարության- խմբ.) մարդ չկա, հաշվեք, որ պատերն են մենակ, մեզ վստահեցնում էին՝ ուժեղ ռազվեդկա ունենք, մեզ վստահեցնում էին՝ ուժեղ բանակ ունենք, ո՞ւր ա, դե տվեք իմ երեխուն», - ասում է հայրը:

Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանն է սովորաբար հանդիպում անհետ կորած զինծառայողների ընտանիքների հետ: Այսօր էլ Վահե Թորոսյանի հարազատներին էր ասում՝ սպասեք. «Երկու օր առաջ պատրաստ էինք մտնելու, խոսք էին տվել, որ կթույլատրեն, հետո միանգամից դադարեցրին, թույլ չտվեցին»:

Սեպտեմբերի մարտական գործողություններից շուրջ մեկ ամիս է անցել՝ հայկական կողմն առայժմ հնարավորություն չի ստացել որոնումներ իրականացնել մարտական գործողությունների վայրերում, այն տարածքներում, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են անցել: Քանի զինծառայող է այժմ անհետ կորած՝ Պաշտպանության նախարարությունը մինչև այժմ թիվ չի հրապարակել:

Վահեի հարազատներն իրենք են Ներքին Հանդ մեկնել՝ անտառներում Վահե կանչելով որոնել նրան, հույսով, որ վիրավոր տղան ծանոթ ձայներին կարձագանքի, բայց այդ կանչերն անպատասխան են մնացել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG