Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի վերջին բռնությունների հետևանքով գերեվարված 17 հայերի վերադարձը, Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու շարունակական ջանքերին:
Ադրբեջանը երեկ Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվարված 17 անձանց։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել է, որ 17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր: