Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր․ ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ փոխվարչապետին


Գրիգորյան-Թրեյսի հանդիպում Երևանում, 7-ը հունիսի, 2022թ․
Գրիգորյան-Թրեյսի հանդիպում Երևանում, 7-ը հունիսի, 2022թ․

Ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է, Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը երեկ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Դեսպանն ընդգծել է ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։

Դեսպանն ու փոխվարչապետը հանդիպել էին նաև հունիսի 7-ին, քննարկել տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրանից բխող խնդիրների բանակցային և տևական կարգավորմանը։

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Սեպտեմբերի 28-ի ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է:

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շեշտել էր՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

XS
SM
MD
LG