Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը, առաջինը Բրյուսելում էր մայիսին, երկրորդը՝ Վաշինգտոնում, երբ պարտավորվել էր հայ17 գերիների ազատ արձակել մինչև սեպտեմբերի 30-ը։ Տելեգրամյան ալիքներում տարածված հայ ռազմագերիների դաժան գնդակահարության տեսանյութից հետո Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ երեկ էլ հայտարարել էր՝ նման բռնությունները պետք է պատշաճ ուսումնասիրվեն, իսկ ագրեսորը պետք է կրի դրանից բխող բոլոր հետևանքները։
Արդարադատութան նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ հայկական կողմը գնդակահարության վերջին դրվագով ևս դիմելու է Եվրոպական և Միջազգային արդարադատության դատարաններին։
«Ամեն գնով հասնելու ենք նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն», - ասել է նա:
Մինչդեռ Միջազգային դատարանների հետ աշխատող միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը խոստովանում է՝ թեև հիմա փորձում են Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառել, այդուհանդերձ այս պահին իրավական գործիքներով հնարավոր չէ նման առանձին պահանջ ներկայացնել՝ սա երկարատև գործընթաց է։
«Հրատապ միջոցի մասով, միգուցե, ես նշեցի, որ այս պահին իրավական գործիքակազմ չկա, բայց դա անհերքելի է, որ այդ անձինք այդ պահին գտնվում են Ժնևյան կոնվենցիաների պաշտպանության ներքո, մասնավորապես տեսանյութից ակնհայտ երևում է, որ իրենք անպաշտպան վիճակում են գտնվում, և նրանց կյանքի իրավունքն ուղղակիորեն, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից պաշտպանվում է, և նման պահանջներն անպայման կներկայացվեն Եվրոպական դատարան, և լիահույս ենք, որ Եվրոպական դատարանը կյանքի իրավունքի խախտում ևս կպաշտպանի և կարձանագրի», - շեշտեց նա:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։
Ադրբեջանի դատախազությունն, իր հերթին, հայտարարել է, որ հետաքննում է տեսանյութի իսկությունը:
Թեև Հայաստանի պետական կառույցները չեն շտապում հրապարակել գնդակահարության վայրը, սպանվածների թիվն ու անունները, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանող փաստաբան Սիրանուշ Սահակյանը «Ազատությանը» որոշ մանրամասներ հայտնեց իր ուսումնասիրություններից:
«Իշխանասարի դիրքերի մասին է խոսքը, այնտեղ երևացող գերիների անունները չեն համընկնում հաստատված գերիների անունների հետ: Մենք նույնականացրել ենք դիրքում գտնվող զինծառայողներին, բայց ոչ բոլորին այս պահին: Ընդհանուր տեսնում ենք, որ ինը հայ զինծառայողներ են երևում, որից մեկը վիրավոր, թե զոհված է՝ հավելյալ ենթակա է ստուգման: Բուն տեսանյութում մենք տեսնում ենք չորս անձի գնդակահարությունը: Տվյալ դիրքում ծառայությունն իրականացնողների անունները հայտնի են, բայց նրանցից որոնք էին չորս գնդակահարվող գերիները, այստեղ ևս հավելյալ ժամանակ կպահանջվի», - հայտնեց նա:
Տասն օր առաջ Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող անձանց: Ինչ պայմաններում էին նրանք, ովքեր են, քանիսն են՝ միջազգային կազմակերպությունը չի հրապարակում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին միայն հավաստիացրեց, որ գերիները կարողացել են կապ հաստատել ընտանիքների հետ. «Առողջական վիճակն անձանց ստուգել, իրենց կապը ընտանիքների հետ հաստատել, և, բնականաբար, այս գործընթացը շարունակական է»:
Ըստ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի՝ Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերյան մարտերից հետո 17 նոր ռազմագերի ունի։ Պաշտոնական Բաքվի տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընդհանուր թիվը 50 է։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 80-ի: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ցավով նշում է՝ վերջին իրադարձություններից հետո չի բացառվում, որ այս թիվը դարձյալ կաճի. «Պետք է խորացնենք ուսումնասիրությունը, որպեսզի այդ թիվը կարողանանք ճշգրիտ դուրս բերել»:
44-օրյա պատերազմից հետո Երևանն ու Բաքուն միջազգային դատարաններում միմյանց դեմ հայցեր են ներկայացրել ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների վերաբերյալ: Որոշ գանգատներ կոմունիկացիայի փուլում են, երկու պետություններն իրենց դիրքորոշումները և առարկությունները հայտնել են: Ըստ մասնագետների՝ երկար տարիներ տևող դատական գործընթաց է սպասվում, սակայն նաև ակնարկում են՝ եղել են նախադեպեր, երբ պետությունները բավարար ապացույցներ են ներկայացրել հանցագործությունների շարունակական լինելու վերաբերյալ, և կարժ ժամանակահատվածում քաղաքական որոշում է կայացվել, ու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: