Մատչելիության հղումներ

Անընդունելի էր այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ, երբ Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում էին ՀՀ տարածքը. Դենդիաս


Անընդունելի էր այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ, երբ Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում էին Հայաստանի տարածքը։ Աշխատանքային այցով այսօր Երևան ժամանած Հունաստանի արտգործնախարարը Հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո իր հայտարարությունը սկսեց ադրբեջանական վերջին հարձակումը դատապարտելով։

Նիկոս Դենդիասի խոսքով՝ այն ուժերը, որոնք հիմա փորձում են վերաձևել քարտեզները, ձախողելու են. «Թույլ տվեք լինել հստակ ու անկեղծ։ Հունաստանը շեշտել է, որ ճանաչում է բոլոր երկրների ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը, և դա, իհարկե, վերաբերվում է նաև մեր ընկեր հայերին։ Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը։ Անընդունելի է այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ, երբ Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում էին Հայաստանի տարածքը։ Կցանկանայի մեջբերել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, ով երեկ ասաց՝ «ես դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել ի հակադրություն խաղաղ բանակցությունների»։ Նաև կուզեի հստակ մեսիջ հղել այն երկրներին, որոնք ուզում են վերաձևել քարտեզները, իմ ուղերձը հետևյալն է՝ վերանայման քաղաքականությունը կձախողվի»։

Խոսելով ավելի հասցեական՝ Դենդիասը նշեց Թուրքիայի գործոնը, որը, հույն դիվանագետի խոսքով, ստեղծված իրավիճակից փորձում է օգուտներ քաղել։ Թուրքիայի հետ բարդ հարաբերություններ ունեցող երկրի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց՝ դարերով և ճակատագրերով իրար կապված երկու երկրները պաշտպանում են իրենց իրավունքները։

Հայաստանի ու Հունաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր փակ հանդիպման ժամանակ քննարկել են Կովկասում անվտանգության մարտահրավերները։ Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ևս շեշտեց, որ Երևանը կարևորում է միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի նկրտումներին։

«Ոչ համարժեք, ագրեսորի ու ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Այս համատեքստում՝ արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի», - նշեց Միրզոյանը:

Կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։ Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ այսօր 44 օրյա պատերազմի մեկնարկից ուղիղ 2 տարի անց հարցը մնում է չլուծված։

«Մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը, և վերահաստատում մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն», - ընդգծեց Միրզոյանը:

Հունաստանի արտգործնախարարն այսօր հանդիպել է նաև վարչապետի հետ։ Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Դենդիասի հետ հանդիպմանը անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ «Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին»։

Ի դեպ, վերջին անգամ Հունաստանի արտգործնախարարը Հայաստանում էր 2020 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմի օրերին։ Շեշտելով այս հանգամանքն Դենդիասն այսօր ասաց՝ կցանկանար հաջորդ այցի ժամանակ ստիպված չլինել անվտանգության մարտահրավերեներից խոսել։

Ինչպես երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարզիում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ողջունեց նրա խիզախությունը տարածաշրջանի ապագայի համար նոր մոտեցում առաջարկելու համար, այնպես էլ այսօր Նիկոս Դենդիասը Երևանում կրկնեց նույն միտքը. բայց թե՛ երեկ, թե՛ այսօր պարզ չդարձավ՝ այդ ի՞նչ նոր առաջարկի մասին է խոսքը, լրագրողներին հարց տալու հնարավորություն չտրվեց: Հույն պաշտոնյան միայն նշեց. «Սակայն լուծումներն ու խաղաղությունը չեն կարող իրականացվել այն պայմաններում, երբ կա ուժի սպառնալիք։ Դա վերաբերում է Կովկասին, դա վերաբերում է աշխարհին»։

Նույն միտքը երեկ Մակրոնը հնչեցրել էր Փարիզում. «Ես սեպտեմբերի 14-ից հենց Ադրբեջանի նախագահ Ալիևին ասել եմ՝ սահմանի սահմանագծված չլինելը չի արդարացնում ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք»։

Դատապարտելով ադրբեջանական վերջին ագրեսիան՝ Մակրոնը դարձյալ ասել էր՝ Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր։ Վաշինգտոնը նույնպես նման պահանջ է ներկայացրել Բաքվին։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան այսօրվա տարածած հաղորդագրության մեջ հնչում է նմանատիպ հորդոր, սակայն անհասցե։

Իսկ Փարիզում երեկ Հայաստանի վարչապետը կարևորել էր միջազգային մեխանիզմների կիրառումը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի օկուպացված տարածքներում։

«Ադրբեջանական օկուացիայի արդյունքում մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, կարծում եմ, միջազգային դիտորդական առաքելության գործուղումը ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունը ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա», - ասել է վարչապետը:

Հայաստանի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հստակեցրել՝ միջազգային ինչ դիտորդներ նկատի ուներ Փաշինյանը, և արդյոք Երևանը որևէ կողմի դիմել է նման խնդրանքով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG