Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ «մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում», հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ օրերս Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ:
Ըստ Դեսպանության՝ հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում, զրուցել ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ:
Այսօր աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՆԱՏՕ-ի կետրոնակայանում նախատեսված է Գրիգորյանի հանդիպումը ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ։