Մատչելիության հղումներ

Փելոսին այցելել է ՀՀ ՊՆ, Պապիկյանի հետ քննարկել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կիրակի օրն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:

Նախարարը Ներկայացուցիչների պալատի խոսնակին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:

Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել շաբաթ երեկոյան, այցը կավարտվի այսօր: Արդեն կայացել են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
XS
SM
MD
LG