Մատչելիության հղումներ

Չնայած գրեթե բոլոր մարզերում մեկ շաբաթից ՏԻՄ ընտրություններ են, որևէ համայնքում ակտիվ քարոզարշավ չի անցկացվում


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, այդ թվում՝ վերջին սահմանային բախումների թիրախում հայտնված Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում մեկ շաբաթից ընտրություններ են նախատեսված։

Ինչպես նախկինում խոշորացած, այնպես էլ նոր միավորվող 17 համայնքներում ավագանի կձևավորվի, որն էլ համայնքի ղեկավար կընտրի։ Բայց սեպտեմբեր 13-ից Ադրբեջանի սկսած հարձակման հետևանքով որևէ համայնքում ակտիվ քարոզարշավ չի իրականացվում։

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում երկու քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Երկուսից էլ ասացին, որ դադարեցրել են իրենց նախընտրական հանդիպումները։ Համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը, որ գլխավորում է «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը, հրաժարվեց հարցազրույցից։ «Ապրելու երկրի» ցուցակի առաջին համարը՝ Վրույր Այվազյանն ասաց՝ սահմանային միջադեպերից հետո փոխվել են իրենց առաջնահերթությունները։

«Ինչպես որ եղավ անցած անգամ, մենք մի առավոտ արթնացանք ու իմացանք, որ պատերազմ է, և էլ միտքդ քարոզարշավ չի գալիս ու չի գալիս էն ամեն ինչը, ինչ երեկ էր տեղի ունենում, ամբողջ մտահորիզոնը սևեռվում ա այլ ուղղությամբ», - նշեց Այվազյանը:

Մեկ տարի առաջ Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվել էր հանրապետական Մհեր Գևորգյանը։ 23 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարականն առողջական խնդիրների հետ էր կապել, թեև ավելի վաղ հայտարարել էր, թե մարզային իշխանություններն իրեն պարտադրում են հրաժարական տալ։ Չէր տվել ու հայտարարել, թե չի էլ տալու։ Անգամ մտադիր էր այս տարվա ընտրություններին առաջադրվել որպես թեկնածու։ Մինչդեռ այդ հայտարարություններից օրեր անց, անսպասելի հրաժարականի դիմում էր գրել՝ ասելով, թե 23 տարի անց գնում է հանգստանալու։

«Առողջությունս լավ չէր, մի քիչ ուզում եմ հանգստանամ, 23 տարի անընդմեջ աշխատել եմ, ուզում եմ հանգստանամ», - ասել է Գևորգյանը:

Համայնքի ղեկավարի հրաժարականից հետո արդեն մեկ տարի ժամանակավոր պաշտոնավարում է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ և համայնքապետի իշխանական թեկնածու Խաչիկ Վարդանյանը։ Նրա մրցակից «Ապրելու երկրում» տեղի իշխանություններին մեղադրում են վարչական ռեսուրսները չարաշահելու մեջ: Օրեր առաջ Գյուլագարակի բնակավայրերից մեկի՝ Վարդաբլուրի մանկապարտեզն իր պաշտոնական էջում ծնողական ժողովի մասին էր պատմել, թե տնօրեն Մարինե Գրիգորյանը ծնողներին ներկայացել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, ներկայացրել իրենց համայնքապետի ղեկավարի թեկնածուի կատարած աշխատանքը մանկապարտեզի ու համայնքի համար։ Վերջում էլ համայնքապատկան մանկապարտեզը կոչ էր արել ընտրել ՔՊ-ին։ Կառույցի պաշտոնական էջում արված գրառումը ջնջվել էր «Ապրելու երկրի» բարձրացրած աղմուկից հետո միայն։

«Ես ամենևին դեմ չեմ, որ մանկապարտեզի տնօրենը ներգրավված լինի, ամենևին դեմ չեմ, որ քաղաքական գործունեություն ծավալի, իմ սուբյեկտիվ կարծիքով խնդիր չեմ տեսնում այս մասով, բայց խնդիր տեսնում եմ, երբ այդ ամեն ինչը գնում է աշխատանքային ժամ և աշխատանքային խոհանոցից ներս», - ընդգծեց Վրույր Այվազյանը:

Մանկապարտեզի 25 տարվա տնօրեն Մարինե Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում չհերքեց՝ արել է նման հրապարակում, բայց ոչ թե օրենքից էր անտեղյակ, այլ Ֆեյսբուքից՝ մատը կպել, արգելված հրապարակում է արել։ «Ապրելու երկրի» քննադատությունից անմիջապես հետո ֆեյսբուքյան գրառումը ջնջել են։

«Ես ուղղակի հանդիպել եմ ծնողների հետ, ինձ ներկայացրել որպես ավագանու թեկնածու, իմ կենսագրությունն եմ ներկայացրել, ուղղակի ուզեցել եմ իմ էջում տեղադրել, շփոթմունք ա եղել, ձեռքս կպել ա, ընկել մանկապարտեզի սայթ», - նշեց Գրիգորյանը:

Մանկապարտեզի համար անհարմար երկու սենյականոց այս տունը «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Ռուսլան Օհանյանի սեփականությունն է։ Ամիսներ առաջ են այստեղ տեղավորվել։ Ավագանին որոշել է մանկապարտեզ դարձած այս տան վարձակալության դիմաց ամսական 90 հազար դրամ փոխանցել ՔՊ կուսակցության անդամին։

Ռուսլան Օհանյանը հաստատեց, որ իր տունն է դարձել մանկապարտեզ՝ հերքելով դիտարկումը, թե բավականին թանկ գին է վճարում համայնքը։ Պնդեց, թե այն նախկինում օգտագործել է որպես հյուրատուն ու ավելի շատ եկամուտ ստացել։

Չնայած գրեթե բոլոր մարզերում մեկ շաբաթից ՏԻՄ ընտրություններ են, որևէ համայնքում ակտիվ քարոզարշավ չի անցկացվում
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

XS
SM
MD
LG