Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ամբիոնը դաշնակիցներին մեսիջ փոխանցելու վայր չէ. ընդդիմադիր պատգամավոր  


Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյան («Պատիվ ունեմ»)
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյան («Պատիվ ունեմ»)

«ՄԱԿ -ի ամբիոնը դաշնակիցներին մեսիջ փոխանցելու վայր չէ», - արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, հանրապետական Հայկ Մամիջյանը՝ հարցնելով՝ որքա՞ն կարելի է դաշնակիցներին հեռացնել Հայաստանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ-ի ամբիոնից զգուշացնելով միջազգային հնարությանը Ադրբեջանի կողմից նոր հնարավոր ագրեսայի մասին՝ առանց անուններ տալու քննադատեց նաև որոշ գործընկերների, նրանց մեղադրելով ոչ պատշաճ արձագանքի և լռության համար։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումից հետո պաշտոնական Երևանը դիմել էր ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ պահանջելով տրամադրել ռազմական օգնություն, սակայն այդ պահանջն այդպես էլ անկատար էր մնացել։

Մամիջանյան. - Ես չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը. դաշնակիցներիդ հետ խոսես ՄԱԿ-ի ամբիոնի միջոցով։ Այո, առկա են որոշակի ակնկալիքներ, որոնք չեն իրականացվել։ Ոչ մեկ դա չի հերքում։ Բայց արդյո՞ք ՄԱԿ-ի ամբիոնը լավագույն վայրն է դաշնակիցներ հետ հարցերը պարզելու։ Ես ունակ չեմ դա հասկանալ։ Եվ դա ոչ ինքնիշխանության հետ կապ ունի... դա պարզապես բառիս վատ իմաստով գավառական արտաքին քաղաքականության արդյունք ա, ուրիշ ոչինչ»։

«Ազատություն». - Իհարկե անուններ չտվեց, բայց խոսքը, կարելի է ենթադրել, ՀԱՊԿ-ի մասին է, որն այդպես էլ կոնկրետ գնահատական չտվեց։ Եթե լռեր և ՄԱԿ-ի ամբիոնից այդ մասին չխոսեր, ինչ-որ բան փոխվելո՞ւ էր։

Մամիջանյան. - «Էս խնդիրները, նորից եմ ասում, այո, անհրաժեշտ է սրանք բարձրաձայնել։ Իհարկե անհրաժեշտ է, իհարկե պետք է ստանալ դրանց պարզաբանումները, որպեսզի ստանանք նաև արդյունքներ գործողությունների համատեքստում։ Հայց հերիք չի՞ Հայաստանը դաշնակից պետություններից հեռացնելը։ Այո, անհրաժեշտ է դաշնակիցների, առհասարակ աշխարհի հետ շփվել արժանապատիվ։ Բայց ամեն ինչը ունի իր ձևը ու վայրը։ ՄԱԿ-ի ամբիոնը դաշնակիցներին մեսիջ փոխանցելու վայր չի»։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ևս առանց անուններ տալու, պնդեց՝ Փաշինյանի երեկվա քննադատության հասցեատերերը շատ էլ լավ հասկացել են, հիմա հայկական կողմը կսպասի նրանց արձագանքին։

Խաչատրյան. - Ում վերաբերվում է, հասկացել են։ Հիմա մենք կտեսնենք կշարունակե՞ն լռել, թե՞ ձայն կհանեն։

«Ազատություն». - Ովքե՞ր են այդ գործընկերները։

Խաչատրյան. - Եթե կարիք լիներ, անունը կտար։ Ես ուզում եմ նրանք ձայն հանեն, ոչ թե մեր հարաբերությունները վերջնական փչանա։

Ընդդիմությունը Փաշինյանին քննադատում է ոչ միայն ՄԱԿ-ի ամիբոնից դաշանակիցների հետ հարցեր պարզելու, այլև Ղարաբաղի մասին խոսելիս Արցախի կարգավիճակի և ինքնորշման իրավունքին չանդրադառանալու համար։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Մամիջանյանն անթույլատրելի է համարում նաև Փաշինյանի «Ղարաբաղում ապրող հայեր» ձևակերպումը՝ պնդելով որ դա Բաքվին նոր հնարավորություններ է տալիս. - «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է առհասարակ չխոսել Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին։ Ավելին ասեմ, իշխանությունը վերջին մի կես տարվա ընթացքում սուրդային եզրույթն էին ընտրել՝ արցախահայերի իրավունքների պաշտպանություն։ Բայց իրավունքների մեջ մտնում է կրթության իրավունքը, կյանքի իրավունքը և շատ ու շատ իրավունքներ։ Պետք է հստակ նշել, որ խոսքը գնում է ինքնորոշման իրավունքի մասին։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջին հերթին ինքնորոշման խնդիր է, այլ ոչ թե տարածքային վեճ կամ կրոնական և այլն, և այլն։ Եվ սա տարիներ շարունակ ամբողջ աշխարհում ներկայացվել ա, մինչև որ մեր արտաքին քաղաքականությամբ սկսեցին զբաղվել ապիկարներ»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը մինչդեռ հակադարձում է՝ Փաշինյանը խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Երբ իշխանությունը խոսում է արցախահայերի անվտանգության մասին, դրանից, ըստ Խաչատրյանի բխում է նաև կարգավիճակի հարցը. - «Խոսել ա, շատ լավ էլ խոսել ա։ Մենք մի անգամ ասել ենք, հիմա ես կարող եմ կրկնել։ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսելու երկու տարբերակ կա՝ կա'մ խոսում ես կարգավիճակի մասին, կա'մ պահանջում ես ճշտել անվտանգության նորմերը, որից բխում է կարգավիճակը։ Մենք երկրորդ ճանապարհով ենք գնում. կոչ ենք անում քննարկել անվտանգության խնդիրները, իրավունքների երաշխավորման խնդիրները, որից և բխելու է կարգավիճակը»։

«Ազատություն». - Իսկ համաձայն կլինի՞ իշխանությունը Ադրբեջանի կազմում այդ կարգավիճակին։

Խաչատրյան. - Դե էդ նշանակում ա սուրճի բաժակի շուրջ դատողություններ անել։

«Ազատություն». - Ես նկատի ունեմ դա կարմիր գի՞ծ է, թե՞ կարմիր գիծ չէ իշխանությունների համար։

Խաչատրյան. - Կարմիր գիծը նա ա, որ ընդեղ հայերը պիտի հավերժ ապրեն։

Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է զենք ձեռք բերելու դժվարությունների, ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո գործընկերիների ոչ պատշաճ արձագանքի կամ լռության մասին։ Սրան զուգահեռ պահպանվում է նոր հարձակման վտանգը, ինչը, իշխանության համոզմամբ, կարող է հանգեցնել նորանոր տարածքների կորստի և զոհերի թվի ավելացման։

Ինչպե՞ս է այս իրավիճակում ընդդմիությունը տեսնում ելքը։ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջյանն պնդում է, թե Փաշինյանը բանավոր խոստումներ է տվել և այդ պատճառով չի կարողանում բանակցություններում Հայաստանի համար բարենապաստ ելք ապահովել։

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հրաժարվեց ասել, թե կոնկրետ ինչ է խոստացել վարչապետը և ինչ է իրենց հայտնի այդ մասին։

Ինչ վերաբերում է սպառազինությանն, ապա Մամիջանյանը հարցնում է՝ այդ ինչպե՞ս էր Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներին հաջողվում զենք ձեռք բերել։ Ընդդիմությունը պնդում է, թե խնդիրը Փաշինյանն և ելքը նրա հրաժարականն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG