Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը չի կիսում վարչապետի պնդումը, թե Հայաստանը զենքի ամբողջական մատակարարումների խնդիր ունի


Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի կիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Հայաստանը զենքի ամբողջական մատակարարումների խնդիր ունի՝ նկատելով՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը խոշորամասշտաբ պատերազմի մեջ գտնվելով այս պահին նրա ռազմաարդյունաբերական ողջ համալիրը գլխավոր խնդիրը լուծում է՝ ապահովելու ուկրաինական ճակատը։

Ընդդիմադիր պատգամավորը խնդիրը տեսնում է վարչապետի հայտարարության մեջ՝ շեշտելով՝ Հայաստանի փաստացի առաջին դեմքը մարտական գործողությունների ամենաթեժ պահին հայտարարում է, որ Հայաստանը ռազմական մատակարարումների հետ կապված խնդիր ունի։

Դա իրականում բավականին ծանր գաղտնիքի բացահայտում էր, ասաց Աբրահամյանը՝ շեշտելով․ - «Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ես կդիմեի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի զբաղվեին այդ մարդով»։

Ցանկացած քաղաքացու կողմից այդպիսի հայտարարությունների հնչեցնելը սպառնալիք է ազգային անվտանգությանը, ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

«Ես ինքս ռազմական բյուջեին վերաբերող փակ քաննարկումների եմ մասնակցել խորհրդարանում, ինքս նաև գրություն եմ ունեցել ուղղված դեռևս մի քանի ամիս առաջ Պաշտպանության նախարարությանը՝ ճշգրտումներ անելով ռազմական մատակարարումների հետ կապված։ Իհարկե այդ ժամանակ այս թեման դեռևս ակտուալ չէր և հետաքրքրականը ոչ թե այն էր, որ Ռուսաստանը տալիս, թե չէ, այլ առհասարակ ինչ գնումներ են կատարվում, և ինձ ուղղված գրությունից ես տպավորություն եմ ստացել, որ առնվազն 4-5 ուղղություններով մենք ունեցել ենք մատակարարումներ։ 4-5 ուղղություն, նկատի չունեմ 4-5 պետություններ, ես նկատի ունեմ տարբեր զինատեսակներին պատկանող սպառազինության մասով ունեցել ենք։ Նաև եղել են 4 ուղղաթիռների հրապարակումները, որոնց մասին հանրայնացվել է թեման և այլն։ Այսինքն այնպես չէ, որ կարծում եմ, որ մենք ամբողջական մատակարարումների խնդիր ունենք», - եզրափակեց Աբրահամյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Նույն օրը վարչապետն Ազգային ժողով եկավ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։ Իշխանականներից միայն չորսը հարց ունեին, որոնցից երկուսը բանակը զինելու մասին էին։ Փաշինյանն ասաց, թե այսօր այս թեմայով ավելի բաց կխոսի, մանրամասնեց, որ հարցը չորս բաղադրիչ ունի՝ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ Առաջին բաղադրիչը Հայաստանի համար խնդիր չէ. փող, վստահեցրեց, կա. - «Ցավոք, Հայաստանը, ինչպես գիտեք, էնպես չի, որ ելք ունի դեպի ծով, ինչը նշանակում է, որ կարելի է, օրինակ, որոշակի պայմաններում գնել զենքը վաճառող երկրից և միջազգային ջրերով ներկրել Հայաստան»։ Թե ո՞ր երկրներն են խնդիրներ ստեղծում Հայաստանի համար զենքի ձեռք բերման գործընթացում, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չասաց։ Հայաստանին զենքի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG