Մատչելիության հղումներ

Ռուսաստանը միջանցքի պահանջ է դրել. Արեգ Քոչինյան


«Ազատության» հյուրը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչարյանն է։

«Ազատություն». - Ձեր տպավորությամբ ինչպե՞ս, կամ ավելի ճիշտ՝ ինչի՞ գնով է դադարեցվել կրակը։

Քոչինյան. - Ադրբեջանը առնվազն հայտարարել է, որ սա հումանիտար դադար է, իրենց Արտաքին գործերի նախարարն է դա երեկ հայտարարել։ Ես սա նաև, ճիշտն ասած, պայմանավորում եմ այսօր Սամարղանդում տեղի ունենալիք Պուտին - Ալիև և Պուտին - Էրդողան հանդիպումներով, և էդ հանդիպումների ելքերից է նաև ինչ-որ չափով կախված շարունակություն կունենա՞ այս շիկացումը, թե՞ հրադադարը, որ կնքվել է, կլինի ավելի շատ երկարաժամկետ կամ միջնաժամկետ գոնե կտրվածքի մեջ։

«Ազատություն». - Այսինքն՝ վաղ է խոսել դեռ կրակի դադարեցման մասին։

Քոչինյան. - Ես կարծում եմ, որ վաղ է։ Բացի դրանից, գիտեք, կրակի դադարեցում կարող է և լինի, բայց պետք է ասել հետևյալը՝ որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ, պատերազմը չի ավարտվել։ Ամենակարևոր արձանագրումը, որ մեր հասարակությունը պետք է դուրս բերի այս վերջին սրացումից, [այն է, որ] սա հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ։ Որը մերթ ընդ մերթ անցնում է տաք պատերազմի ֆորմայի։ Հստակ դրված են որոշակի պահանջներ Հայաստանի առջև, և էդ պահանջներին հասնելու համար մեր պետականության հակառակորդները ոչ մի խնդրին առջև չեն կանգնում։ Երբ որ ես ասում եմ, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ, ես նկատի ունեմ երեք պետությունների դեմ, ոչ թե երկու՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի։ Որովհետև բոլոր խնդիրները, որոնց որ բախվում է այսօրվա դրությամբ Հայաստանը, և պահանջների տարբեր կետերը էս տարբեր երեք ուժային կենտրոններից են։ Էնպես չի, որ բոլորը մեկից են, կամ բոլորը երկուսից են։

«Ազատություն». - Ռուսաստանը ի՞նչ պահանջ է դրել։

Քոչարյան. - Ռուսաստանի պահանջն է միջանցքային տրամաբանությունը։ Միջանցքային ամբողջ խոսակցության հետևում երևում են ռուսական ձեռքերը։ Երբ մենք տեսնում ենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը էս թեմատիկայում՝ Մեղրիում պետք է լինի նույն կարգավիճակը, որը որ կա Լաչինում... Իսկ ի՞նչն է Լաչինի կարգավիճակը։ Լաչինը ըստ էության բաց հաղորդակցության ուղի է Հայաստանի և Արցախի միջև, որը վերահսկում են և որի անվտանգությունը ապահովում են ռուսները։ Բացատրեք ինձ՝ ո՞ւմ է ամենաձեռնտուն էդ դեպքում Մեղրիում միջանցքի կայացումը։ Իհարկե ռուսներին։ Որովհետև դա ոչ միայն վերահսկողություն է Ադրբեջան - Նախիջևան - Թուրքիա - Ադրբեջան հաղորդակցության վրա, այլ նաև դա բավականին լուրջ վերահսկողություն է հայկական սահմանի վրա։ Եվ եթե ապագայում, օրինակ, իրանական պետությունը բացվում է Արևմուտքի առջև, դա շատ լուրջ արգումենտ է վերահսկելու հայ-իրանական սահմանը և թույլ չտալու ինչ-ինչ տնտեսական կամ էներգետիկ կամ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում։ Այսինքն՝ սա լատենտ հաբ է, որի բացման պարագայում ռուսները ուզում են էնտեղ լինել և ունենալ դրա վերահսկողությունը։

«Ազատություն». - Բայց այս սրացումը, համենայն դեպս ըստ Երևանի գնահատականների, կարծես հիմնականում Ղարաբաղի համար էր՝ որ կա'մ կգնաք խաղաղության պայմանագրի, որտեղ կընդունեք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, կա'մ կլինի էդ ճնշումը։

Քոչինյան. - Ես չեմ կիսի, ճիշտն ասած, էդ մոտեցումը։ Ես կարծում եմ, որ երկու կետերն էլ առկա են։ Ընդ որում, եթե մի կետում Ադրբեջանը միայնակ է ըստ էության, նկատի ունեմ, որ Ռուսաստանի աջակցությունը չունի։ Դա արցախյան թեմատիկան է։ Որովհետև եթե մենք գնում ենք էդ ուղղությամբ, ապա Ռուսաստանի ներկայությունը Արցախում դառնում է լրիվ անիմաստ, և Ռուսաստանը զրկվում է Ադրբեջանի վրա իր մեծագույն ճնշման գործիքից։ Արցախում ռուսական կոնտինգենտի ներկայությունը ըստ էության ունի բացարձակապես մեկ նպատակ՝ դա ճնշման գործիք է Ադրբեջանի վրա։ Սնահավատ էությամբ են տառապում մարդիկ, որոնք կարծում են, թե ռուսները էնտեղ արցախահայության անվտանգության համար են եկել։ Եվ երկրորդ նպատակը, դա տարածքային տրամաբանությունն է, որտեղ արդեն Ադրբեջանն ունի ռուսական աջակցությունը։ Այնպես որ, էս երկուսից որն էլ որ իրենք կարողանան ստանալ, կամ եթե երկուսն էլ կարողանան ստանալ... սրացման նպատակը երկուսն ա եղել։

«Ազատություն». - Կարծես Բրյուսելում էլ էդ մյուս տարբերակն է քննարկվում՝ միանգամից ճանաչել և լուծել Ղարաբաղի հարցը։ Էնտեղ չգիտե՞ն, որ դա վտանգավոր է հայերի համար։

Քոչինյան. - Կարծում եմ, որ գիտեն։ Արևմուտքը ուզում է տարածաշրջանում խաղաղություն։ Խաղաղությունը տարածաշրջանում Արևմուտքը ուզում է ա. ռուսական ազդեցությունը թուլացնելու համար, բ. թուրքական հնարավոր էքսպանսիան թուլացնելու համար։ Որովհետև էս երկու տերությունների էքսպանսիաները և ընդհանրապես արտաքին քաղաքականությունները շատ նման են։ Ընդհանրապես Թուրքիան և Ռուսաստանը բավականին իդենտիկ, արևելյան էքսպանսիոնիստական տիպի կայսրություններ են։ Հիմա էդ խաղաղության կոդեքսը, այսինքն՝ դրա իրագործման պլանը Արևմուտքին ընդհանուր առմամբ առանձնապես հետաքրքիր չի։ Արցածը ո՞ւմը կլինի, Արցախը ի՞նչ կարգավիճակ կունենա, դրա դիմաց ով ինչ կվճարի... Ընդհանուր առմամբ հետաքրքիր է, որպեսզի ճարտարապետական առումով լինի խաղաղություն տարածաշրջանում։

«Ազատություն». - Իսկ եթե բանը հասնի արցախահայերի տեղահանությա՞նը։

Քոչինյան. - Ես չեմ բացառում, որ դա էլ է տարբերակ, միայն թե նպատակը, որը որ դրված է, իրականացվի։ Այսինքն՝ խաղաղություն իրականացվի։

«Ազատություն». - Հետևաբար ավելի ճիշտ չէ՞, որ Երևանը ընտրի մյուս սցենարը. այո, խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առկախելով Արցախի հարցը։ Նաև ռուսական կողմն է ուզում... կերկարաձգվի նաև նրանց մնալը։

Քոչինյան. - Բայց էստեղ խնդիրը արդեն միջանցքն է։ Որովհետև եթե դուք գնում եք ռուսական տարբերակով, ապա միարժեքորեն է այդտեղ դառնում, որ պետք է տաք նաև միջանցքը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG