Ջերմուկում այսօրվա ընթացքում իրավիճակը հանդարտ էր, կրակոցներ չեն եղել: Բայց, ճանապարհը Երևան-Մեղրի Մայրուղուց դեռ փակ է: Զինվորականները հսկում են:
Այսօր «Ազատությանը» հաջողվել է Ջերմուկ մտնել՝ Պաշտպանության նախարարության թույլտվությամբ: Երկու օր, երբ սահմանին լարված էր ու Ադրբեջանը ակտիվ հրետակոծում էր այս ուղղությամբ, մեզ չէր հաջողվում հասնել այստեղ: Այսօր «Ազատության» տեսախցիկը ֆիքսել է Ադրբեջանի հրետակոծության հետևանքները:
Հակառակորդի թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտներ: Վնասվել է առողջարան, հյուրատներ, հարակից գազատարը, ճոպանուղին, հարակից օբյեկտներն ու շինությունները:
Առողջարանային քաղաքի փողոցները դատարկ են, բնակիչների կամ քաղաքացիական անձանց չտեսանք: «Ազատությունը» եղել է այն հատվածներում ու նկարահանել այն օբյեկտները, որոնք պաշտոնապես թույլատրելի են: Տեղաշարժվել ենք կառավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Ճոպանուղու վրա միայն 11 արկ է ընկել, աշխատողներն այդ պահին այնտեղ չեն եղել, մանրամասները պատմեց ճոպանուղու տնօրենը:
«Վնասվել է հիմնականում առաջին ենթակայանը, վնասվել են հենասյան տարածքները, դեռ ճշտում ենք՝ ճոպանը վնասված է, թե ոչ, դա դեռ կպարզենք, երկրորդ ենթակայանը նույն կարգավիճակն է՝ ինչ-որ այստեղ, ամբողջ տարածքը հոսանքազրկվել է: Բարեբախտաբար, զոհեր չունենք, աշխատանքային ժամ չի եղել, աշխատողները տեղում են եղել, եղել եմ ես և իմ աշխատողը», - ներկայացրեց Արմեն Թադևոսյանը: