Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հաղորդում են ՊՆ-ից։
Դրա հանգուցալուծման հարցում Պապիկյանն ընդգծել է միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Քոլին Քահլին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար:
Քոլին Քահլը, իր հերթին, կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն:
ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ նախաձեռնությունն ամերիկյան կողմինն է։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ պաշտոնյաները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին առճակատման հարցերն ու ներկա իրավիճակը։