Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և իր վրաց գործընկերոջը ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ «Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»:
Իրակլի Ղարիբաշվիլին, Հայաստանի կառավարության փոխանցմամբ, կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:
Ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ Ղարիբաշվիլին Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր պատրաստակամությունն է հայտնել միջնորդական դեր ստանձնել՝ տարածաշրջանում լարվածության թուլացման համար։
Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ և իրադարձությունները կզարգանան խաղաղ ճանապարհով։
Վրացական կողմի փոխանցմամբ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հաղորդել է առնվազն 49 զոհի մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: