Մատչելիության հղումներ

Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում


Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցով, հաղորդում է Ելիսեյան պալատը։

«Ֆրանսիան հարցը կտանի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որտեղ այս պահին նախագահում է», հայտարարել է նախագահ Մակրոնի գրասենյակը։ «Նախագահ Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է նախագահական գրասենյակը, հավելելով՝ Մակրոնը պատրաստակամ է նաև բանակցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։

Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու ժամկետներ և այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Ավելի վաղ՝անցած գիշեր հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Ըստ հայկական կողմի հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը Մակրոնին հայտնել էր, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Փաշինյանն այսօր ազգային ժողովում հայտարարեց, որ հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի։

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, դիմումի առիթով այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, այսօրնաև ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ 1997 թվականի «Բարեկամության փոխօգնության մասին» պայմանագրի հիման վրա դիմել են Ռուսաստանին և որոշում են կայացրել դիմել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրավիճակը հրատապության կարգով քննարկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG