Եվրամիության արտգործնախարարներն այսօր Պրահայում քննարկում են Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն ամբողջությամբ դադարեցնելու հարցը։ Սակայն արդեն հայտնի է` միության երկու առաջատարները՝ Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստվում են դեմ արտահայտվել։
Հանդիպումից առաջ «Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Եվրամիության ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ Բեռլինի ու Փարիզի կազմած փաստաթուղթը, որտեղ նշվում է, թե վիզաների ամբողջական կասեցումը կարող է ապակառուցողական ազդեցություն թողնել։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել էր՝ սա Պուտինի պատերազմն է, ոչ թե ռուսաստանցիների։
«Կարևոր է նաև, որ մենք հասկանանք՝ Ռուսաստանից շատ մարդիկ են հեռանում դեպի Եվրոպա, քանի որ դեմ են իշխող վարչակազմին, և բոլոր որոշումները, որ մենք պետք է ընդունենք, չպետք է բարդացնեն նրանց համար ազատություն ստանալու, բռնապետության դեմ պայքարելու և երկրից դուրս գալու ճանապարհները», - ասել է նա։
Այսօրվա հանդիպումից առաջ տարածված փաստաթղթում Ֆրանսիան ու Գերմանիան նաև շեշտել են՝ «ռուսաստանցիների ապագա սերունդներին չպետք է մեկուսացնել», պետք է պահպանել գործող իրավական բազան, որը թույլ է տալիս ռուս ուսանողներին, նկարիչներին, գիտնականներին ու մասնագետներին մեկնել Եվրամիություն՝ «անկախ այն բանից՝ ենթարկվում են նրանք քաղաքական հետապնդման, թե ոչ»։
Միության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ժոզեպ Բորելը ևս «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները պետք է խստացվեն, բայց դա չպետք է տարածվի անխտիր բոլոր ռուսների վրա։
«Պատերազմի մեկնարկից ի վեր մոտ երեք հարյուր հազար մարդ է արդեն լքել Ռուսաստանը։ Նրանց մեծ մասը արհեստավարժ, շատ կրթված մարդիկ են, որոնք այլևս չեն ուզում մնալ Ռուսաստանում, չեն ուզում պատերազմել, չեն աջակցում այդ պատերազմին և չեն ուզում ապրել Պուտինի իշխանության տակ։ Չեմ կարծում, թե մենք պետք է փակենք դուռը այս մարդկանց առաջ», - նշել է Բորելը։
Ռուսաստանցիների համար Եվրոպա մտնելու արգելանքի մասին առաջինն Ուկրաինայի իշխանություններն էին հայտարարել։ «Ամենակարևոր պատժամիջոցը կլիներ սահմանների փակումը, քանի որ ռուսները զավթում են ուրիշների հողերը»,- շաբաթներ առաջ Washington post-ին ասել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին և պնդել, որ ռուսները պետք է «ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»։
Այս ընթացքում եվրոպական մի շարք երկրներ սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցրել են ռուսների համար կարճաժամկետ շենգենյան վիզաների տրամադրումը։
Ռուսաստանցիների համար վիզայի ամբողջական կասեցմանը կողմ են սկանդինավյան ու բալթյան երկրները։ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին այդ հարցը Եվրոպայի խորհրդում քննարկելու անրաժեշտություն էր տեսել. «Շարքային ռուսաստանիցները չեն սկսել պատերազմը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք՝ նրանք աջակցում են պատերազմին: Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ճանապարհորդել, մտնել Եվրոպա, շենգենյան տարածք, որպես զբոսաշրջիկներ տեսարժան վայրեր այցելել, մինչդեռ Ռուսաստանը Ուկրաինայում մարդկանց է սպանում, դա սխալ է, և մենք պետք է դա քննարկենք»:
Նման անհրաժեշտություն նաև Դանիան է տեսնում։ Ռուսաստանցիները Եվրամիության տարածք ամենաշատը Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի ու Ֆինլանդիայի տարածքով են մտնում։
Լիտվայի արտգործնախարարն անցած շաբաթ հայտարարել էր՝ եթե Եվրամիությունը համաձայնության չգա հարցի շուրջ, ապա այդ երկրները կարող են գործել ինքնուրույն։ Այսօր հայտնի դարձավ, որ Նիդեռլանդները ևս կողմ է խստացմանը, Հունգարիան՝ դեմ:
Մինչ կողմերը բանակցում են փակ դռների ետևում, լրատվաիջոցները, հղում անելով եվրոպացի անանուն պաշտոնյային, գրում են, որ ի վերջո կողմերը կարող են որպես փոխզիջում կասեցնել Ռուսաստանի հետ վիզաների պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը, որը գործում է 2007 թվականից։ Դա կնշանակի, որ ռուսները Եվրամիության մուտքի արտոնագիր ստանալու համար ավելի երկար ընթացակարգով կանցնեն ու ներկայիս 35 եվրոյի փոխարեն ստիպված կլինեն 80 եվրո վճարել:
Կրեմը վիզայի ամբողջական արգելքի մասին խոսակցություններին կոշտ է արձագանքում: Այսօր ՌԴ նախագահի խոսնակն ասել է՝ եթե նման որոշում ընդունվի, այն անպատասխան չի մնա։
«Մենք գիտենք, որ եվրոպացիներն այս հարցում տարբեր տեսակետներ ունեն, բայց մենք ուշադիր հետևելու ենք։ Սրանք շատ լուրջ որոշումներ են, որոնք կարող են ուղղված լինել կոնկրետ մեր քաղաքացիների դեմ։ Եվ, իհարկե, նման որոշումները չեն կարող անպատասխան մնալ», - ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի հնարավոր արձագանքը լավագույնս կհամապատասխանի Ռուսաստանի շահերին ու կպաշտպանի ռուսաստանցիների շահերը, չհստակեցնելով՝ շենգենյան գոտին փակելու դեպքում Մոսկվան ինչ կարող է անել ի պատասխան: