Մատչելիության հղումներ

Էստոնիան դադարեցրել է շենգենյան վիզա ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր


 Էստոնիայի վարչապետ Կայա Կալլաս
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլաս

Էստոնիայի իշխանություններն այսօր կեսգիշերից դադարեցրել են Էստոնիայի հյուպատոսությունների կողմից տրված շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր։ Որոշումն ընդունել էր Բալթյան հանրապետության կառավարությունը օգոստոսի 11-ին։

Էստոնիայի վարչապետն այս կապակցությամբ ասել էր, որ ռուսները, հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները, պետք է հասկանան, որ ԵՄ մուտք գործելը մարդու իրավունքների և ազատ տեղաշարժի խնդիր չէ, այլ արտոնություն նրանց համար, ում համայնքում պատրաստ են ընդունել որպես հյուր կամ բիզնես գործընկեր:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամսվա սկզբին, The Washington Post պարբերականին տված հարցազրույցում, առաջարկել էր ամբողջ Եվրոպայում արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը:

Մոսկվան խիստ է արձագանքել այդ կոչին և դատապարտել է նման հայացքներ արտահայտող եվրոպացի գործիչներին:

Եվրոպայում շարունակվում է քննարկումը պատերազմի ֆոնին ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքի թեմայի շուրջ։ Լատվիան, Էստոնիան, Լիտվան և Ֆինլանդիան կողմ են համաեվրոպական արգելքին։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, թե «ճիշտ չէ, երբ Ռուսաստանը դաժան և ագրեսիվ պատերազմ է վարում Եվրոպայում և հենց այդ ընթացքում ռուսները հանգիստ երթևեկում են որպես զբոսաշրջիկներ, նորմալ ապրում ու կյանքն են վայելում Եվրոպայում»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման արգելքին։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է հնարավորություն տա հեռանալ Պուտինի քաղաքականությանը դեմ արտահայտվողներին։

XS
SM
MD
LG