Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր


Մոսկվայում այսօր հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ, հաղորդում է հայկական կողմը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:

Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ «հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում»։

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը, ասված է հաղորդագրությունում:

Լավրով-Միրզոյան վերջին հանդիպումը Երևանում էր հունիսի 9-ին։ Ռուսաստանի արտգործնախարարը Երևան էր ժամանել Անկարայից, որտեղ բանակցություններ էր վարել իր թուրք պաշտոնակցի հետ:

Վաղը` սեպտեմբերի 6-ին, կրկին աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնում Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նախատեսվում է նաև Փաշինյան-Պուտին հանդիպում:

XS
SM
MD
LG