Մատչելիության հղումներ

Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց


Ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի համար մեղադրվող Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնոդրությունը։

Օրերս առաջին ատյանն ընդդիմադիր գործչին կրկին կալանավորելու որոշում էր կայացրել, և փաստաբանները վերադաս ատյան բողոք էին ներկայացրել։ Փաստաբան Վարազդատ Հարությանը «Ազատությանը» փոխանցեց, որ հիմա զբաղված են գումարը հավաքելով, որ այսօր արդեն կարողանան ազատության մեջ տեսնել Չալաբյանին։

«Ընդհանրապես մենք ասում էինք, որ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, որովհետև գործով որևէ կերպ չի փաստվել, որ Չալաբյանը ունակ է խոչընդոտել գործի քննությանը, բայց այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մարդու ազատության վերաբերյալ է հարցը, մենք ինքներս Դատախազության միջնորդության հետ, որը միջնորդել էր գրավ կիրառել, ինչ-որ կերպ նաև համերաշխվել էինք, համաձայնվել էինք, որ լավ, եթե սենց ա, լավ գոնե գրավով, որովհետև խափանման միջոց կիրառելու հիմքերը ոչ էլ քննարկվել են ընդհանրապես: Մենք տենց էլ չիմացանք` այդ խափանման միջոց կիրառելու, խոչընդոտելու փաստական հիմքը որն էր: Գրավի գումարով ենք հիմա զբաղված», - ասաց նա:

Վերաքննիչ դատարանն այսօր շատ ուշ ընդունեց այս որոշումը. ի սկզբանե ժամը 12-ին պետք է այն հրապարակվեր, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել էր։ Փաստաբանները այդպես էլ չէին իմացել պատճառը, ենթադրում են, որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը դիմադրել է ճնշումներին։ Փաստաբան Հարությունյանը ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր, որ դատական պրակտիկայում չի հիշում մի դեպք, որ գոնե փաստաբաններին չներկայացնեն՝ ինչն է որոշման հրապարկման ձգձգման պատճառը։

«Այսինքն` ընդամենը երեկ նշանակվել է հրապարակում այսօրվա վրա, ժամը հստակ նշված է, գալիս ենք, պատճառն էլ չեն կարողանում նշել: Այսպիսի դեպքերում գոնե ասում են` այսինչ պատճառով է հետաձգվում, օրինակ` դատավորը հենց հիմա ինչ-որ կազմով գործի քննությանը, որը մեկնարկել է ժամը 10-ին, մինչև հիմա չի ավարտվել, ինչ-որ պատճառ էլի, որ մարդկանց համար հասկանալի լինի հետաձգման պատճառը, ու մարդիկ չընկնեն ենթադրությունների ու ավելորդ մտահոգությունների մեջ», - ասաց փաստաբանը:

Չալաբյանը կալանքի տակ է արդեն 2.5 ամիս։ Դատավարության սկզբում, երբ լրացել էր Չալաբյանի կալանքի ժամկետը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը չէր հասցրել անդրադառնալ կալանքի երկարաձգելու հարցին, և Չալաբյանն ազատ էր արձակվել։ Սակայն ազատության մեջ նա ընդամենը 7 օր մնաց, մինչև դատարանը նորից կալանքի որոշում կայացրեց։ Ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչում Դատախազությունը չի առարկել, որ Չալաբյանն ազատ արձակվի կալանքից։ Սա, ըստ փաստաբանի, դատավոր Մնացական Մարտիրոսյանի միանձնյա որոշումն էր։

«Այս գործը չի կարող տեղ չգտնել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տարեկան կամ արտահերթ զեկույցների մեջ», - նկատեց նա:

Չալաբյանի կինը ԱՄՆ դեսպանատանը ներկայացրել է ամուսնու գործի մանրամասները

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել Հայաստանում գործող միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանն էլ «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ներկայացրել է ամուսնու գործի մանրամասները։ Ավետիք Չալաբյանը և նրա կինը ամերիկյան Պետդեպի կրթական ծրագրերից մեկի շրջանավարտներ են։

«Ուզում ենք ներկայացնել այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում այս դատական գործի շրջանակներում` սկսած կալանավորումից, վերջացրած Ավետիքի պատճառով օր ենք փոխելու, վերջացրած կրկնակի կալանավորման որոշման, այն, որ ոչ մի հանգամանք հաշվի չի առնվում դատավորների կողմից, և մեր ցանկությունն էր ուղղակի տեղյակ պահել ինչքան հնարավոր է լայն շրջանակ միջազգային կազմակերպությունների այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր դատական գործի շրջանակներում, այս քաղաքական հետապնդման շրջանակներում: Մենք սա տեսնում ենք որպես քաղաքական հետապնդում Ավետիքի գործունեության հետ կապված` և՛ Արցախի հետ կապված, և՛ իր քաղաքական հայացքների հետ կապված», - նշեց Անահիտ Ադամյանը:

Չալաբյանը կալանավորվեց մայիսին վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերի ակտիվ շրջանում, երբ հրապարակվեց մի ձայնագրություն, ըստ որի` Ագրարայինի դասախոսներից մեկը` այս գործով մեղադրյալ Էմմա Սարգսյանը, կազմակերպել էր համալսարանի ուսխորհրդի նախագահի հանդիպումը Չալաբյանի հետ։ 5 րոպեանոց ձայնագրության մեջ Չալաբյանն ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ Ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահը ու մյուս ուսանողները ինչպես կարող են մասնակցել ցույցերին։ 49-ամյա ընդդիմադիր հասարակական գործիչը մեղադրանքն ու իրեն կալանքի տակ պահելու որոշումն ապօրինի է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG