Մատչելիության հղումներ

Չալաբյանը պնդում է՝ մեղադրանքն ու իրեն կալանքի տակ պահելու որոշումն ապօրինի են


Ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի համար մեղադրվող Ավետիք Չալաբյանն այսօր վերաքննիչ դատարանում խնդրեց բեկանել օգոստոսի սկզբին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեք ամսով կալանավորման որոշում էր կայացրել։

Մինչ այդ, Չալաբյանը կալանքի տակ էր անցկացրել 2.5 ամիս, և դատավարության սկզբում, երբ լրացել էր Չալաբյանի կալանքի ժամկետը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը չէր հասցրել անդրադառնալ կալանքի երկարաձգելու հարցին, և Չալաբյանն ազատ էր արձակվել։ Եվ, փաստորեն, նա ազատության մեջ հասցրել էր մնալ ընդամենը մեկ շաբաթ, ինչից հետո դատարանը նորից կալանավորման որոշում կայացրեց։

Ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչում այսօր Դատախազությունը չառարկեց, որ Չալաբյանն ազատ արձակվի կալանքից։

49-ամյա ընդդիմադիր հասարակական գործիչը կրկին հայտարարեց՝ մեղադրանքն ու իրեն կալանքի տակ պահելու որոշումն ապօրինի են։ Ասաց՝ կալանավորման որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որևէ պատճառաբանություն՝ իրեն ճաղերի հետևում պահելու համար այդպես էլ չի բերել։ Դատախազ Վանանդ Ասատրյանն էլ ընդամենը կրկնեց առաջին ատյանի դատարանում գործընկերոջ դիրքորոշումը՝ դեմ չեն, որ Չալաբյանը լինի ազատության մեջ և որպես խափանման միջոց ընտրվի կամ գրավը, կամ էլ երաշխավորությունը։

Վերաքննիչ դատարանում այսօր մեկը մյուսի հետևից Չալաբյանի փաստաբանները ներկայացրեցին իրենց դիտարկումները, թե ինչու Չալաբյանը պետք է ազատ արձակվի կալանքից։ Արմեն Անդրիկյանը նշեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որևէ պատճառաբանություն չէր ներկայացրել Չալաբյանին կալանավորելու համար, չէր հիմնավորել, որ նա ազատության մեջ, կարող է ազդել գործով անցնող անձանց վրա և առհասարակ խոչընդոտի գործի քննությանը։ Փաստաբանները նաև ընդգծեցին՝ զարկերակային ճնշում ունեցող Չալաբյանի վիճակը կալանավայրում էլ ավելի է վատացել։

Փաստաբաններն այսօր էլ պնդեցին՝ իրենց պաշտպանյալը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Չալաբյանը ևս բազմիցս անդարդարձել է իր դեմ հարուցված քրեական գործի՝ քաղաքական ենթատեքստին, անցած նիստերից մեկի ժամանակ էլ հնչեցրել էր վարչապետ Փաշինյանի անունը։

«Նիկոլի Փաշինյանից ի՞նչ հրահանգ ունեն, նախ պետք է դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե երկրի վարչապետի պաշտոնում նստած մարդն ինչո՞ւ է ընկել կոնկրետ առանձին վերցրած քաղաքացու հետևից: Ես կարծում եմ` դա ունի առնվազն մի քանի պատճառ. մի պատճառն իմ գործունեությունն է Արցախի և մեր անվտանգային համակարգի հետ կապված, քանի որ այս իշխանությունը հակված է համատարած կապիտուլյացիայի, բոլոր հարցերում համատարած կապիտուլյացիայի, ցանկացած մարդ, որ իրենց խանգարում է, պետք է գտնվի կալանավայրում այդ ընթացքում: Դա պարզ տրամաբանություն է իրենց տեսանկյունից», - ասել էր նա։

Չալաբյանը կալանավորվեց մայիսին վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցերի ակտիվ շրջանում, երբ հրապարակվեց մի ձայնագրություն, ըստ որի` Ագրարայինի դասախոսներից մեկը` այս գործով մեղադրյալ Էմմա Սարգսյանը, կազմակերպել էր համալսարանի ուսխորհրդի նախագահի հանդիպումը Չալաբյանի հետ։ 5 րոպեանոց ձայնագրության մեջ Չալաբյանն ասում է, որ ուսանողները պետք է ձևակերպեն իրենց կարիքները։ Ապա երկար քննարկում է գնում, թե ուսխորհրդի նախագահը ու մյուս ուսանողները ինչպես կարող են մասնակցել ցույցերին։

Չնայած նրա ու փաստաբանների հերքումներին, գործը քննած Քննչական կոմիտեն հիմնավոր էր համարել ձեռք բերած ապացույցները, որ Չալաբյանը 2 միլիոն դրամ է առաջարկել՝ ուսանողներին ցույցերին բերելու համար։

XS
SM
MD
LG